Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ներառական տնտեսական աճ, աշխատանքի խրախուսման քաղաքականություն. վարչապետի տնտեսական տեսլականը


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է կառավարության տեսլականը՝ տնտեսության կառուցվածքի, տնտեսական մոդելի և զարգացման ռազմավարության վերաբերյալ: 

«Արմենպրես»-ն առանձնացրել է վարչապետի կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական թեզերը և առաջնահերթությունները: 

  • Տնտեսական աճի այն մոդելը, որ նախկինում եղել է Հայաստանում, ընդունելի չէ, որովհետև տնտեսական այդ մոդելի առանցքը հանքաարդյունաբերությունն էր: ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր է ներառական տնտեսական աճի մոդելը։ 
  • Հայաստանը պետք է ունենա արտահանման միտված տնտեսություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեղնոլոգիաները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը պետք է լինեն արտահանմանը միտված։ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր նախապայման է կրթության, գիտության և առողջապահության արտահանումը։ Վարչապետի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, սակայն միևնույն ժամանակ քաղաքացիները հնարավորություն պիտի ունենան օգտագործել լավ որակի տեղական արտադրանքը: 
  • Ն. Փաշինյանը Հայաստանի տնտեսության «լոկոմոտիվի» դերում տեսնում է բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերությունը: Այս թեզը վերաբերում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին («կոշտ» արտադրանք), որտեղ ներդրումային հետաքրքրություններ և բարենպաստ նախադրյալներ են նկատվում, և ըստ վարչապետ Փաշինյանի՝ կառավարությունն ուզում է, որ դրանք ակտիվանան: Փաշինյանը խոսել է Ջրվեժում, Ինժեներական քաղաք նախագծային տարածքում բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկման մասին, հեռանկարային է համարել արևային էներգիայի կուտակիչ պանելների արտադրությունը, ընդգծել տեխնոլոգիական ապրանքների, կենցաղային տեխնիկայի արտադրություններ կազմակերպելու համար ներդրումների իրականացման կարևորությունը: Վարչապետը նկատել է, որ տեխնոլոգիական արտադրանքների արդյունաբերություն ունենալը հիմք կստեղծի ռազմարդյունաբերության համար, որի արդյունքում կստեղծվեն բարձր վարձատրությամբ աշխատատեղեր: Կառավարության խնդիրն է խթանել նշված արտադրությունների կազմակերպումը: 
  • ՏՏ ոլորտը Հայաստանում արդեն բավականին զարգացած է, և կառավարությունը կօժանդակի ոլորտի հետագա բնականոն զարգացմանը: 
  • Վարչապետը կարևոր է համարել այն, որ տնտեսության կառուցվածքի պատկերացումներում պետք է միշտ տեղ թողնել առաջարկությունների սեգմենտի համար: Նա առաձնացրել է փորձարարական ճյուղերը, օրինակ՝ բիոտեխնոլոգիաները, քանի որ այդ ոլորտի արտասահմանյան ընկերություններում բազմաթիվ հայեր մասնակցություն ունեն, և պետք է բանակցել նրանց հետ Հայաստանում այդ ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու համար: Նոր ճյուղեր կարող են լինել նաև դեղագործությունը, R&D-ն (Research & Development) և այլն: 
  • Կառավարությունը կարևորելու է ադամանդագործության և ոսկերչության ոլորտները և պատրաստ է ամեն ինչով աջակցել ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին և գործարարներին։ Ոսկերչության ոլորտում նախատեսվում է «ապրանքների «տուրիստական» արտահանում» գաղափարի ներդրում, որն ուղղակիորեն փոխկապակցված է զբոսաշրջության ոլորտի հետ։ 
  • Բուհական համակարգի բարելավումը երկրի տնտեսության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի։ Պետք է այնպես ապահովել, որ մեր գիտնականները կարողանան իրենց ծառայությունները մատուցել ու նաև իրենց փորձը փոխանցեն մյուս սերունդներին, որպեսզի ձևավորվի մասնագիտական բազա և ունենանք նաև մեր գիտական ծառայություններն արտահանելու հնարավորություն: Հայաստանը պետք է հասնի նրան, որ գիտությունը գործնական գործառույթներ իրականացնի տնտեսության մեջ։ Ըստ վարչապետի՝ ՀՀ-ի այնպիսի կադրերի կարիք ունի, որոնք բուհն ավարտելուց հետո կարող են իրենց մասնագիտությանը համպատասխան ծառայություններ մատուցել։ 
  • Բնության շահագործման վրա հենված տնտեսության փոխարեն պետք է ուղղություն վերցնել դեպի բնության պահպանության վրա հենված տնտեսություն
  • Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի: Ն. Փաշինյանի կարծիքով՝ զբոսաշրջությունը խթանելու և գովազելու ազդեցիկ միջոցը հենց զբոսաշրջիկն է, որ Հայաստան այցելելուց հետո սոցցանցերում տարածում է տեղեկատվություն երկրի մասին, իր ընկերներին խորհուրդ տալիս այցելել տվյալ երկիր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը զբոսաշրջության զարգացման մեջ, մանսավորապես՝ տուրիստի ընդունելությունը և ծառայությունների մատուցման որակը կարող են նպաստել թե՛ իրենց բիզնեսի, և թե՛ զբոսաշրջության զարգացմանը։ 
  • Թեթև արդյունաբերության մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ՀՀ-ն ունեցել է կոշիկի արտադրության լավ ավանդույթներ, և այժմ էլ որոշակի աշխուժացում կա կոշիկի, տեքստիլի արտադրության մեջ: 
  • Հայաստանում ինտեսիվ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր է անասունների գլխաքանակի աճը, քանի որ վերջինս արտահանման անսահմանափակ պոտենցիալ ունի։ 
  • Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել և գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի և պետության կողմից օգնության այլ միջոցների վրա: 
  • Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվելու աղբի հավաքման և վերամշակման գործընթացը։ Մի քանի ուղղություններով բանակցություններ են ընթանում, աշխատանքներ են կատարվում աղբի վերամշակման մեխանիզմների զարգացման ուղղությամբ։ 
  • Հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազեցում, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ