Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մասնագետը կարևորում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարացման աշխատանքների պատշաճ իրականացումը

Մասնագետը կարևորում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարացման 
աշխատանքների պատշաճ իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը կարծում է, որ էներգետիկ ոլորտի զարգացման համար առաջնահերթ է ավարտին հասցնել հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում մասնագետն ընդգծեց, որ միևնույն ժամանակ հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու միջոցառումների վրա: «Անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները պետք է իրականացվեն այնքան ժամանակ, քանի դեռ ատոմակայանը շահագործվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Հարցին, թե որքա՞ն ժամկետով կարելի է երկարաձգել հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը, մասնագետն ասաց, որ նմանատիպ էներգաբլոկի շահագործման ժամկետ երկարաձգվել է Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում` բոլորը 30 տարով: «Սակայն սա չի նշանակում, թե մենք ասում ենք, որ մեզ մոտ էլ անպայման պետք է 30 տարով երկարաձգվի: Որոշ ստուգումներ կատարելուց և անվտանգության հիմնավորումները ստանալուց հետո միայն կարելի է ասել, թե որքան կարելի է երկարաձգել»,- նշեց նա:

Մասնագետն անդրադարձավ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն որոշմանը, որ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլարի ռուսական վարկը հաշվարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Նա  կարծիք հայտնեց, որ դա սակագնի վրա կանդրադառնա, սակայն հավելեց, որ կա այդ ազդեցությունը մեղմելու հնարավորություն: «Հիմա ատոմակայանում մոդերնիզացման աշխատանք է իրականացվում, և եթե մենք այսօր 92 տոկոս հզորության տակ ենք աշխատում, ապա կարելի է հզորությունը մինչև իր նոմինալ արժեք բարձրացնել` դա 440 մեգավատն է: Այսինքն, այստեղ մենք մոտավորապես 40-50 մեգավատ ավելի արտադրանք ենք տալու, մինչև հիմա չի եղել դա: Եթե հաշվենք օրվա կտրվածքով արտադրված էլեկտրաէներգիայի ծավալով, ապա մեծ քանակություն է, մեծ գումարներ կբերի, ինչը կարող է ինչ-որ ձևով մեղմել սակագնի հնարավոր բարձրացումը»,- մանրամասնեց Վահրամ Պետրոսյանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 000 000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» որոշումներով հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը և հավանություն տրվել ներդրումային պլանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am