Հայաստանը շարունակում է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ջատագով մնալ. ԱԳՆ խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:
Անդրադառնալով համանախագահների՝ ՀՀ իշխանությունների հետ հունիսին նախատեսված հանդիպմանը, Տիգրան Բալայանը նշեց, որ դեռևս օրվա հետ կապված հստակեցում չկա: «Ժամկետները ճշտվում են: Հստակ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,-ավելացրեց խոսնակը:
Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և տեղեկացրել Հայաստանի ղեկավարությանը հունիսին հանդիպելու իրենց ակնկալիքի վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում