Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է Թուրքիայի դեմ. Հայ դատի հանձնախումբ

 Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է 
Թուրքիայի դեմ. Հայ դատի հանձնախումբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Նոյեմի Նալբանդյանը՝ նշելով, որ հայ համայնքն այդ կապակցությամբ ոգևորված չէ:

«Գազայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` վերջին օրերին Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են: Քանի որ Թուրքիան դեմ է արտահայտվում Իսրայելի գործողություններին և սուր քննադատում է, հետևաբար Իսրայելն էլ, որպես քաղաքական քայլ, շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Դա մեզ չի ուրախացնում, Հայոց ցեղասպանության հարցը դարձել է խաղաթուղթ, մենք ուզում ենք այն ճանաչվի, որովհետև Թուրքիան մարդկության դեմ հանցագործություն է կատարել, այլ ոչ թե օրակարգ բերվի քաղաքական այս կամ այն շահով պայմանավորված»,-ասաց Նոյեմի Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ մոտ 3 ամիս առաջ Կնեսետի պատգամավորներից մեկն այս հարցը բերել էր խորհրդարանի օրակարգ, սակայն այն չանցավ:

Թե երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի խորհրդարանում քվեարկության կդրվի, Նոյեմի Նալբանդյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա կարող է լինել ցանկացած օր՝ կախված քաղաքական իրավիճակի զարգացումից:

«Այս պահին նույնիսկ դժվար է ասել, թե խորհրդարանում հարցի քվեարկության ինչպիսի արդյունք կարելի է սպասել, որովհետև պատգամավորներից, կառավարությունից տարբեր ազդակներ են գալիս: Իսրայելի նախագահը նշել էր, որ քաղաքական հարցով պայմանավորված՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացել են, սակայն տնտեսական և այլ ոլորտներում շարունակում են աշխատել: Հետևաբար` այս պահին չենք կարող ասել հարցը կընդունվի, թե ոչ: Ամեն դեպքում կառավարության ազդեցությունը մեծ է, եթե ցանկանա, ապա կարող է նպաստել, որ հարցն անցնի»,-ավելացրեց Նոյեմի Նալբանդյանը:

Գազայում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև բախումների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր: Բախումները սկսվել են Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման օրը: Թել Ավիվից դեսպանատունը տեղափոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: Իսրայելը հայտարարել է, որ իր բանակը պաշտպանել է երկրի սահմանները: Իսրայելի իշխանությունները նշել են, թե «Համաս»-ի զինյալները օգտագործել են ցույցի առիթը և իրականացրել հարձակումներ:

Թուրքիայի իշխանությունները կոչ են արել համաշխարհային հանրությունը, որ կոշտ քննադատության ենթարկի Պաղեստինում Իսրայելի գործողությունները։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի դեսպանին երկիրը լքելու կոչ էր արել, ինչից հետո Իսրայելի դեսպանը լքել էր Անկարան։

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ: Նրանք ընդգծել են, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am