Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հալեպում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հալեպում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 24-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջհամայնքային և միջմիութենական բնույթի միջոցառումների շարքը:

Հայ ավետարանական Բեթել եկեղեցում տեղի է ունեցել պաշտամունքային միջոցառում` նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Գեղարվեստական հայտագրի ավարտից հետո եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ, կայացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից ծաղկեպսակի զետեղման պաշտոնական արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթներով հանդես են եկել Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ովքեր իրենց խոսքում նշել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական գործընթացը նաև միջոց է կանխելու և կանխարգելու նմանատիպ ոճրագործությունները:

Նույն օրը, Հալեպի սբ. Աստվածածին եկեղեցու սրահում մեկնարկել է արյան տվչության արդեն ավանդական դարձած միջոցառումը, որին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ու հալեպահայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարները:

Հսկումի և մոմավառության ավանդական միջոցառում տեղի է ունեցել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաշենքի բակում: Ձեռնարկն ավարտվել է գեղարվեստական հայտագրով և օրվա խորհրդին համահունչ ելույթներով:

Ապրիլքսանչորսյան հիշատակի ձեռնարկներն ավարտվել են Հալեպի Եսայան սրահում կայացած հիմնական միջհամայնքային մեծ միջոցառման մեկնարկով: Երեք հարանվանությունների առաջնորդների, ավանդական կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հիմնական բանախոսի եզրափակիչ ելույթներում անդրադարձ են կատարվել Ցեղասպանության դատապարտման և պահանջատիրության միջազգայնացման, Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության էլ ավելի ամրապնդման, Սիրիայում խաղաղության հաստատման և անվտանգության ու կայունության շուտափույթ վերականգնման թեմատիկ դրույթներին:

Միջոցառման ավարտին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներն ու միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am