Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակութային օրերը, կայացել է Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված երեկո

Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակութային օրերը, կայացել է Արամ 
Խաչատրյանի 115-ամյակին նվիրված երեկո

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայում մեկնարկած Հայաստանի մշակութային օրերը, որոնց մեկնարկը տրվեց Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված երեկոյով, կտևեն մինչև ապրիլի 30-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ հավելելով. «Նախաձեռնության հեղինակը Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամն է, իրականացվում է Հայաստանի ու Մալթայի մշակույթի նախարարությունների, Art’s Concil Malta և Վալետա 2018 Հիմնադրամ կազմակերպությունների աջակցությամբ:

Ծրագրված են տարբեր միջոցառումներ՝ հանդիպումներ, հայկական դասական ու ժամանակակից արվեստի ներկայացում՝ ֆիլմի դիտումներ, դասական ու անգամ փոփ համերգներ,ցուցահանդեսներ, պարային համույթների ելույթներ, հանդիպումներ:

Բազմաժանր միջոցառումների սկիզբն ազդարարվեց ամենաբարձր նոտայով՝ Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված երեկոյով: Այս անգամ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցին Մալթայի  ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 

Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայի Mediterranean Conference Centre հեղինակավոր  դահլիճում հնչեց Արամ Խաչատրյանի փառահեղ Դիմակահանդեսը, հատվածներ Գայանե բալետից: Միջնադարյան ամրոց հիշեցնող համերգային կենտրոնի դահլիճը ցնցվեց հանդիսատեսի բուռն արձագանքից:

Խաչատրյանի ջութակի կոնցերտը հնչեց մենակատար Ղազախստանի վաստակավոր արտիստ, Ղազախստանի Արվեստի Ակադեմիայի ռեկտոր Այրման Հուսահատեցվածի ներկայացմամբ:

Մենք հնարավորություն ունեցանք զրուցել Մաեստրո Հուսահատեցվածի հետ, ում մասնագիտական աճի ու ճանաչման գործում նշանակալի է Արամ Խաչատրյանի հետ հանդիպումը:

-Այո, ինձ համար չափազանց կարևոր մարդ է Արամ Իլյիչը: Ես նրան հանդիպել եմ 12 տարեկանում և մինչև օրս նրա երկացանկն ինձնից անբաժան է:Ես ուրախ եմ ու հպարտ՝ ներկայացնելու այն ամբողջ աշխարհում, հեղինակավոր բեմերում ու հանդերձասրահներում՝ Գերմանիա, Անգլիա, Միացյալ նահանգներ, Ռուսաստան…

-Մաեստրո Հուսախաբելով, Ձեր ելույթը Հայաստանյան մշակութային օրերի շրջանակներում էր: Ի՞նչ զգացողություն ունեք ելույթից հետո:

-Սա ինձ համար շատ խորհրդանշական ելույթ էր, մանավանդ, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը  հրաշալի կերպով ընկալեց ու վերարտադրեց Խաչատրյանական հրաշալի մեղեդին, ղեկավարում էր հայազգի, այդքան երիտասարդ ու նույնքան էներգիայով լեցուն և պրոֆեսիոնալ դիրիժորը: Սերգեյ Սմբատյանը կարճ ժամանակահատվածում կարողացավ միավորել մեզ հայկական երաժշտության շուրջ: Խորապես ցնցված եմ այն վերաբերմունքից, որի ականատեսը եղա՝ հանդիսատեսի հիացական վերաբերմունքն ու տպավորությունները, բուռն օվացիաները ես դեռ երկար կհիշեմ:

-Հնարավորություն ունենո՞ւմ եք այցելել փառատոնային մյուս միջոցառումներին ու համերգներին:

-Պետք է նկատել, որ Մալթան և Վալետան, որն այս տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է, պարզապես շնչում է մշակույթով: Իսկապես մեծ աշխատանք է արվել: Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամն իր հսկայական ներգործությունն ունի այս առումով: Մենք հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի հետ համագործակցության պատմություն ունենք, միասին Ղազախստանում ենք գործունեություն ծավալում՝ բացահայտելով տաղանդների: Իսկ այն ինչ կատարվում է Մալթայում, իրոք մշակույթների շատ հետաքրքիր համադրություն է: Ուրախ եմ արձանագրել, որ, իհարկե, հայկականն է գերակշռում: Ու չեմ կարող չնշել՝ տեսնում եմ շատերի հիացական հայացքները, ովքեր բացահայտում են հայաստանյան մշակույթը: Ուրախ եմ մասը կազմել այսքան հիանալի իրադարձության»:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am