Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը. հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության հայատարարության մեջ ասվում է.
«Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:
Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունը ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար:
Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում