Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացման տասնամյակը. Հայաստանի ՏՏ արտադրանքի կեսից ավելին արտահանվում է. ՖԻԼՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացման տասնամյակը. 
Հայաստանի ՏՏ արտադրանքի կեսից ավելին արտահանվում է. ՖԻԼՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացման տասնամյակը. ՖԻԼՄ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովը: Երևանն այդ օրերին  դառնալու է ՏՏ ոլորտի աշխարհի մայրաքաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 2000 գործարարներ նորարարներ, պետական հատվածի ներկայացուցիչներ, վերազգային կորպորացիաներ, ներդրողներ և նշանավոր գիտնականներ: Այս համաժողովը Հայաստանում չէր անցկացվի, եթե ոլորտի նկատմամբ բացակայեր պետական ուշադրությունն ու աջակցությունը: 2008 թվականին կառավարությունն ընդունեց ՏՏ ոլորտի զարգացման նոր՝ տասնամյա զարգացման ռազմավարություն՝ հիմնական գերակայություն սահմանելով ոլորտի զարգացումը, Հայաստանում մրցակցային ներուժի հզորացումը և առաջավոր տեղեկատվական հասարակության ձևավորումը: 2008 թվականից պետական բյուջեից սկսվեցին միջոցներ տրվել ՏՏ ոլորտը համակարգող համապատասխան պետական մարմիններին:

Ոլորտի աճի տեմպերն այնքան արագ էին, որ շուտով կայացավ ArmTec միջազգային համաժողովը, այն հաջորդաբար կազմակերպվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Զարգացման հետ մեկտեղ կազմակերպվում է հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների Digitec մասնագիտացված ցուցահանդեսը:

Վերջին տաս տարիներին կնքվել են մի շարք միջազգային պայմանագրեր, ինչպես պետությունների (Եգիպտոս, Հնդկաստան և այլն) այնպես էլ միջազգային աշխարհահռչակ ընկերությունների (Microsoft, Alcatel, HP, INTEL, IBM, Simens, Oracl, Cisco) հետ: Սահմանվեց նախագահի մրցանակ: 2010 թվականից մրցանակն ամեն տարի շնորհվում է նրանց, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են տեղեկատվական զարգացումների և դրականորեն են անդրադարձել մարդկության վրա: Այս մրցանակը Հայաստան բերեց այնպիսի մասնագետների ինչպիսիք են՝ Սթիվ Վոզնյակը, Մարիո Մացոլան, Եվգենի Կասպերսկին, Մակիմոտոն: Նրանք ոչ միայն եկան Հայաստան, այլև հետագայում ներդրումային ծրագրերով հանդես եկան մեր երկրում:

Նախագահի կողմից անընդհատ խրախուսվում են և պարգևատրում են ՏՏ ոլորտում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ու դպրոցականները: 2016-2017 թվականների ընթացքում Հայաստանում ներդրվեց ՏՏ ոլորտի պետական աջակցության ուղղված օրենսդրական փաթեթը: Այդ օրենքի շնորհիվ նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հասանելի դարձան հարկային արտոնությունները: Դրանք ենթադրում են շահութահարկի 0 տոկոս և եկամտահարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում: Ընդհանուր առմամբ հավաստագրվել և վերը նշված հարկային արտոնություններից օգտվել է նորաստեղծ և սկսնակ 591 կազմակերպություն, որոնցից 431-ը միայն անցած տարի: 2018 թվականի հունվարից Հայաստանում ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած շահաբաժինները հարկվում են արդեն 5 տոկոս եկամտահարկով: ՏՏ ոլորտի օրենսդրական և տնտեսական աջակցությունից բացի ոլորտի համար կենսական նշանակություն ունի նաև համացանցային կապի առկայությունը, ինչի արդիականացման ուղղությամբ տարբեր քայլեր են ձեռնարկվել: Արդեն հիմա ինտերնետ կապից օգտվողների թիվն անցել է 2.2 մլն-ից՝ ապահովելով ծածկույթի ավելի քան 70 տոկոս ցուցանիշ: Հայաստանում կա շարժական կապի ավելի քան 4.1 միլիոն բաժանորդ։

2014 թվականից ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կառավարության, տեղական ու միջազգային ընկերությունների աջակցությամբ՝ կրթական համակարգում մեկնարկել է «Արմատ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Արդեն Հայաստանում և Արցախում գործում է 220 լաբորատորիա:

Ոլորտի կտրուկ աճի շնորհիվ աշխատանքի շուկայում ՏՏ ոլորտը դարձավ այն ոլորտներից, որտեղ աշխատուժի թե՛ քանակական, թե՛ որակական պահանջարկը մի քանի անգամ գերազանցում էր առաջարկին:  Ոլորտի զարգացման արդյունքում  2011 թվականին Սեմ և Սիլվո Սիմոնյանները հիմնեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Որն այսօր իր մասնաճյուղերն ունի Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում:

Ընդունված է համարել, որ Հայաստանը ՏՏ ոլորտում արտահանող երկիր է: Արտադրանքի և ծառայությունների 50 տոկոսից ավելին արտահանվում է: Արտահանումների մեծ մասը՝ 60 տոկոսը, ուղղվում է  ԱՄՆ, Կանադա, 18 տոկոսը՝ Եվրոպա, 16.6 տոկոսը՝ Ռուսաստան-ԱՊՀ:

ՏՏ համակարգում առաջանցիկ տեմպերով զարգացման ուղին է բռնել նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ գործում է 33 ընկերություն: Աշխատատեղերի թիվը վերջին տարիներին նույնպես տարեկան աճում է նվազագույնը 10 տոկոսով՝ 2017 թվականին գերազանցելով 15.000-ը: Միջին աշխատավարձն էլ ավելի քան 1000 ամերիկյան դոլար է: Բարձրացել է նաև արտադրողականությունը՝ մեկ աշխատողի հաշվարկով 2018-ին հասելով մոտ 50.000 դոլարի՝  2008թ-ի 29.300 դոլարի համեմատությամբ:

Ոլորտում իրականացվող ակտիվ քայլերն իրենց հետքերն են թողել նաև ամբողջ տնտեսության վրա: 2008թ-ից ոլորտում գրանցվել է տարեկան շրջանառության միջինում 20 տոկոս աճ: Արդեն 2017 թվականին այն հասել է 30 տոկոսի՝ գերազանցելով 760.000.000 դոլարը:  2008-ին այդ թիվը կազմել է ընդամենը 111.300.000 դոլար:  Ընկերությունների քանակը տարեկան աճում է 10 տոկոսով: 2017-ին ակտիվ գործող ընկերությունների թիվը գերազանցել է 600-ը, իսկ նորաստեղծ ընկերությունների հետ միասին նրանց թիվը գերազանցում է 1000-ը: Միայն 2017-ին գրանցվել է 110 նոր ընկերություն: 2008 թվականին ոլորտում հաշվվում էր ընդամենը 175 կազմակերպություն:

ՏՏ ոլորտի այսպիսի աճը նաև ժողովրդագրական լուրջ խնդիր է լուծում: Ոլորտը ապահովում է ոչ թե ուղղակի աշխատատեղեր՝ առօրյա հարցերը լուծելու համար, այլ ձևավորում է ապահոված ու ինտելեկտուալ միջին խավ, որը կարող է իր մեծ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ոլորտում աշխատող մասնագետների միջին աշխատավարձը 2000-2700 դոլար է:

Միջազգային հարթակներում ՏՏ ոլորտի հայկական ձեռքբերումների թվում են՝ թվային հրատարակչական ծառայությունների շուկայում հայտնի Joomeg-ի տեղակայումը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 300.000 հրատարակիչների ստեղծելու թվային, ինտերակտիվ ամսագրեր կատալոգներ էլեկտրոնային գրքեր և այլն։ Triada ընկերության Shadowmatic խաղը հաղթեց հեղինակավոր Apple  դիզայն մրցույթում և գրավեց անդրոիդ շուկան՝ դասվելով աշխարհի լավագույն խաղերի շարքին: Լուսանկարների խմբագրման Picsart հավելված այսօր ունի ավելի քան 100.000.000 ակտիվ օգտատեր աշխարհում: Ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկմամբ զբաղվող Soft Construct ընկերությունը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում, ներկայանում է տարեկան ավելի քան 120 ցուցահանդեսի և 4-րդ տարին անընդմեջ արժանանում է խաղային ոլորտում տեխնոլոգիաների լավագույն մատակարար մրցանակին:

2018 թվականի համար նախանշված քայլերի թվում են՝ կրթական հաստատությունների պետական և ՏԻՄ համակարգչային հագեցվածությունը հասցնել 100 տոկոսի, ինտերնետ կապի հասանելիությունը բնակչության շրջանում հասցնել 90 տոկոսի, Էլեկտրոնային ծառայությունների մասնաբաժինը պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում հասցնել 80 տոկոսի,  ՏՏ ոլորտի եկամուտները՝ 1 միլիարդի, արտահանումները՝ 700.000.000 դոլարի, ներգրավված վենչուրային կապիտալն՝ ավելի քան 700 միլիոն դոլարի:

Ապագան տեխնոլոգիական առաջընթացինն է, իսկ Հայաստանը, դատելով վերը բերված փաստերից, հետ չի մնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am