Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

«Նոթատետր». Լրագրությունը պետք է կարողանա արժեք ստեղծել. Մարկ Գրիգորյան


Նոթատետրը լրագրողի անբաժան գործիքներից է: Ինչպես և ձայնագրիչը, գրիչը՝ նոթատետրը պրոֆեսիոնալ լրագրողի զենքն է: Եվ չնայած թվային դարաշրջանում շատերն ավելի առնչվում են համակարգչի հետ, այնուամենայնիվ, նոթատետրը մնում և մնացել է հետաքրքիր գաղափարների, մտքերի կրողը: «Արմենպրես»-ի «Նոթատետր» նոր նախագծի հերոսները հայաստանյան ժամանակակից լրագրության երևելի ներկայացուցիչներն են: Մարդիկ, ովքեր նոթատետրն իրենց ձեռքին տարիներ շարունակ կատարում են կարևորագույն առաքելություն՝ հաղորդում են ճշմարիտ, կարևոր, արդիական տեղեկատվություն, հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են առաջ քաշում, լուծումներ փնտրում:

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hellman/Hammett լրագրողական ամենամյա մրցանակի դափնեկիր, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն լրագրող Մարկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շատ հետաքրքիր կերպով մուտք գործեց լրագրության ասպարեզ: Աշխատանք Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում, այնուհետև մանկավարժական գործունեություն: 1993 թվականը որոշիչ տարի էր ապագա պրոֆեսիոնալի համար, մասնագետ, ով կարճ ժամանակ անց դարձավ երկրի լավագույն լրագրողներից մեկը: «Արմենպրես»-ն իր նոր նախագծի շրջանակում Մարկ Գրիգորյանի հետ զրուցել է լրագրողին ու լրագրությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ:

Մուտքը լրագրություն

1993 թվականի օգոստոսին հայրս եկավ մեր տուն և ասաց ինձ, որ իր կյանքի երազանքը կատարվեց: Ես ասացի» «Ուռա՜, ի՜նչ լավ է: Դու ընդամենը 65 տարեկան ես, և քո կյանքի երազանքը կատարվեց: Թե՞յ կխմես, թե սուրճ»: Ասաց. «Ա՛յ տղա, չե՞ս հասկանում, իմ կյանքի երազանքն է կատարվել»: Ես էլ պնդեցի. «Չե՜ս պատկերացնի՝ ի՜նչ ուրախ եմ քեզ համար: Թե՞յ ես ուզում, թե սուրճ»:

Եվ այդ խոսակցությունը շարունակվեց: Խոսակցության ընթացքում ես հասկացա՝ նա ցանկանում է, որ ես իրեն հարցնեմ՝ որն է իր կյանքի երազանքը: Բայց չէի հարցնում: Ի վերջո, իհարկե, հարցրեցի: Նա ասաց, որ դարձել է թերթի խմբագիր, բայց չի ընդունի խմբագիր լինելու առաջարկը, մինչև ես չդառնամ փոխխմբագիր: «Եթե չհամաձայնես, իմացի՛ր, որ քո պատճառով իմ կյանքի երազանքը չի իրականանա»,-ասաց հայրս:

Ես համաձայնեցի:

«Լավ լրագրող» հասկացություն

Լրագրողը պետք է լինի հետաքրքրասեր և շարժուն: Այսինքն՝ լրագրողը պետք է անընդհատ պատրաստ լինի արագ հավաքվել ու գնալ անհայտ ուղղությամբ:

Շրջապատի ազդեցության կարևորությունը

Ոչ միայն պապիկս, հայրս, այլև շրջապատն են ազդել իմ կայացման վրա: Երբ Պարույր Սևակը մեր տուն էր գալիս, երեխաներին փակում էին սենյակում: Փակում էին, որովհետև չէին ուզում, որ մենք լսենք իրենց խոսակցությունները և հանկարծ դպրոցում չկրկնեինք այն, ինչ լսել էինք: Մենք էլ կարծում էինք, որ նրանք մեզ փակում էին, քանի որ հայհոյում են (ծիծաղում է):

60-ս լրանալուն մնում է մի ամսից քիչ, և ես սկսում եմ հասկանալ, թե ինչքան հսկայական ազդեցություն են ունեցել այդ մարդիկ իմ զարգացման վրա:

Բայց ասեմ, այնպես չէ, որ եթե Պարույր Սևակը եկել է ձեր տուն, ապա  մեծանալով, դու պետք է դառնաս լավ մարդ: Սա օգնող հանգամանք է, բայց որոշիչ չէ: Որոշիչն ընտանիքի դերն է:

Մահափորձը՝ Լոնդոն տեղափոխվելու շարժառիթ

Երևանում իմ դեմ մահափորձ կատարվեց: Երբ ես մի քիչ ուշքի եկա, մի շատ բարձր պաշտոնյա ինձ մոտ եկավ և ասաց. «Պարոն Գրիգորյան, մենք չենք կարող երաշխավորել ձեր անվտանգությունը Հայաստանում»: Այդ նախադասությունից հետո դու պիտի ամեն ինչ հավաքես և գնաս: Ես գնացի անծանոթ երկիր, անծանոթ միջավայր: Անգամ չգիտեի՝ աղբը որտեղ են թափում: Երբ վարձեցի իմ առաջին բնակարանը, չունեի գդալ և պատառաքաղ: Ես այստեղից գնացի մեկ ճամպրուկով: Եվ վերջ:

Ես միշտ այս քայլն ընկալել եմ որպես որոշում, որն ինձնից չէր կախված: Միշտ մտածել եմ վերադառնալու մասին: Եկավ մի օր, երբ կարողացա վերադառնալ:

BBC-ում և Լոնդոնում աշխատանքի մասին

BBC-ն անչափ մեծ դպրոց է: Այնտեղ կյանքն այնպես է, որ պետք է ամեն օր ինչ-որ բան անես, ինչ-որ բան սովորես: Եթե չարեցիր, չսովորեցիր, նշանակում է ոչ միայն օրդ է կորած, դու ես ետ մնում բոլորից: Մի բան, որ, ցավոք, այստեղ պակասում է:

Վախի զգացում ու վերադարձ հայրենիք

Առաջին անգամ, երբ Հայաստան վերադարձա, 2009 թվականն էր, և՛ վախի զգացում ունեի, և՛ հսկայական կարոտախտ: Ես խնդրեցի ինձ համար բնակարան վարձել, որ տուն չմտնեմ: Եվ, զարմանալիորեն, ինձ համար վարձեցին իմ ընկերների բնակարանը: Տարիներ անցան, մինչև ես նորից սովորեցի քայլել այն տեղով, որտեղ իմ դեմ մահափորձ էր եղել:

Լրագրողական հետաքրքիր դեպքեր

2010 թ. Ղրղզստանի հարավում գտնվող Օշ քաղաքում տեղի ունեցան սարսափելի ազգամիջյան բախումներ: Քաղաքի կեսից ավելին մեկ օրվա մեջ այրեցին: Զոհվածների թիվը ոչ ոք չգիտի: Ամբողջ ընթացքում ես այնտեղ էի, տարհանվել եմ վիրավորների հետ նույն ինքնաթիռով:

…Իմ լրագրողական կյանքի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել Բաքվում թեյ խմել Հեյդար Ալիևի հետ:

…Ինձ պատմել են, որ Ուզբեկստանում՝ Տաշքենդում, երբ եթերում էր մեր BBC-ին, մարդիկ ռադիոընդունիչները դնում էին պատուհանագոգերին, որպեսզի բոլորը փողոցում կարողանային լսել մեր հաղորդումները:

Գիտակցաբար աշխատելով լրագրության ասպարեզում

Մենք՝ լրագրողներս, խոսում ենք ամբողջ աշխարհում տեղի ունեցող ամենավատ իրադարձությունների մասին: Եվ այդ ամեն ինչն անպայման ազդում է մեզ վրա: Ինչքան ավելի շատ ես աշխատում որպես լրագրող, այնքան ավելի շատ բան ես տեսնում: Ինչքան շատ բան ես տեսնում, այնքան ավելի ծանր ու թանձր է այն նստվածքը, որ մնում է քո հոգում: Տարբեր լրագրողներ տարբեր հոգեբանական հնարքների են դիմում՝ նստվածքը չեզոքացնելու համար: Ոմանք սկսում են հարբեցողությամբ զբաղվել, ոմանք՝ թողնում են մասնագիտությունը, ոմանք էլ ներփակվում են իրենց փոքրիկ աշխարհում: Եվ քչերն են, որ գիտակցելով այդ ամենը, շարունակում են գիտակցաբար աշխատել որպես լրագրող: Ես խոնարհվում եմ նրանց առջև:

Ստեղծելով արժեքներ

Շատ հեշտ է գնալ ասուլիսի, նստել, նեթբուքը դնել ծնկներին, գրել, ուղարկել նյութը: Դա լրագրություն չէ: Մենք պիտի կարողանանք ինչ-որ բան անել դրանից բացի: Լրագրությունը պետք է կարողանա արժեք ստեղծել:

…Մենք կարող ենք ինչ-որ խնդիր բացահայտելով՝ ինչ-որ մարդու օգնել, ազատել բանտից: Կամ ինչ-որ հանցագործի պատժելու պայմաններ ստեղծել: Մենք հասարակական արժեքներ ենք ստեղծում:

Հանրային ռադիոն՝ ժամանակակից լրատվամիջոց

Ես երազում եմ, որ Հանրային ռադիոն դառնա ժամանակակից լրատվամիջոց: Երկար ճանապարհ կա անցնելու: Հանրային ռադիոն պետք է և՛ համացանց մտնի, և՛ ավելի ակտիվ աշխատի, ավելի հետաքրքիր հաղորդումներ և թեմաներ արծարծի: Եվ այդ ամենը պետք է հիմնված լինի Հանրային ռադիոյի ավանդույթների վրա:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ