Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

«Իմ մուսան աշխատանքն է, երաժշտություն հորինելը». Մարտուն Իսրայելյանի հոբելյանը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով

«Իմ մուսան աշխատանքն է, երաժշտություն հորինելը». Մարտուն Իսրայելյանի 
հոբելյանը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հոբելյանական երեկոյին հնչեցին նրա լավագույն ստեղծագործությունները:

«Մարտուն Իսրայելյան-80» խորագրով համերգը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երաշժտասերներն ունկնդրեցին հոբելյարի Ջութակի և Թավջութակի կոնցերտները, երգեր՝ գրված Միսաք Մեծարենցի, Սոնա Վանի խոսքերով:

«Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ երեկոյին հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դաշնակահարներ Արփինե և Նաիրի Իսրայելյանները, ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը և Արտաշես Մելիքյանը, թավջութակահարներ Միքայել Նավասարդյանն ու Վահե Դանիելյանը, սոպրանո Հենրիետա Հարությունովան:

Խոսելով իր ոգեշնչման աղբյուրի, մուսայի մասին՝ կոմպոզիտորն ասաց, որ իր մուսան, հավանաբար, երաժշտություն հորինելն է: «Դու պարզապես ցանկանում ես ստեղծագործել, և վերջ: Երբ մի կտոր երաժշտություն ես ստեղծում, և այն քեզ դուր է գալիս, ոտքերդ ասես կտրվում են գետնից. նման է այն զգացողությանը, երբ երեխային խաղալիք ես տալիս, և նա հրճվում է: Չեմ չափազանցում, իսկապես այդպես է: Մուսան սիրելն է, ստեղծագործել ցանկանալը: Առավոտյան շուտ եմ վեր կենում և սկսում եմ աշխատել. գրել, գրել, գրել շարունակ»,-ընդգծեց Իսրայելյանը:

Նա շեշտեց, որ եթե իր ստեղծած երաժշտությունը մեկի սրտին հասնում է, ուրեմն ինքը հաջողել է, և երաժշտությունը կայացել է:

«Այսօր ներկայացվելու են նաև գործեր, որոնք գրվել են 35 տարի առաջ: Իմ մտերիմ ընկերներից մեկն ասաց, որ, չնայած դրան, բոլոր ստեղծագործություններն էլ հիանալի են հնչում և հոգնեցուցիչ ոչ մի նոտա չկա դրանցում. դա շատ ոգևորիչ է»,-խոստովանեց կոմպոզիտորը:

Նա անկեղծորեն նշեց, որ երջանիկ է, քանի որ այս երկարուձիգ տարիների ընթացքում զբաղվել է իր սիրած գործով: «Այնքան լավ է, որ ամբողջ օրը երաժշտության մեջ ես, մի մասն ես, և քեզ խանգարողներ չկան, և լավ է, որ ստիպված չեմ եղել այլ բանով զբաղվել: Տարիներ առաջ ինձ չեն հորդորել, օրինակ, զինվոր դառնալ, չնայած այլ ոլորտներում աշխատել եմ»,- փաստեց նա:

Մարտուն Իսրայելյանը երաժշտությամբ զբաղվելը համեմատեց սիրահարվածության հետ՝ նշելով, որ երբ աղջիկը սիրում է տղային (կամ՝ հակառակը), ընդառաջ է գնում, և ոչ ոք չի կարող բացատրել այդ զգացողությունը. պարզապես երջանիկ ես:

Մարտուն Իսրայելյանը 1964 թվականին ավարտել է Լենինականի երաժշտական ուսումնարանը, 1969-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Դասավանդել է կոնսերվատորիայում:

Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի, երգչախմբի, ֆլեյտայի, հոբոյի, դաշնամուրի, թավջութակի, ջութակի համար:Գրել է նաև կինոերաժշտություն «Փարաջանով. վերջին գարունը» փաստագրական ֆիլմի համար:

Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում՝ Արգենտինայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ