Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վերականգնվող էներգետիկան էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հնարավոր է հասցնել 60 տոկոսի․ Հայաստանը բռնել է ինքնաբավության ուղին

Վերականգնվող էներգետիկան էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հնարավոր է հասցնել 60 տոկոսի․ Հայաստանը բռնել է ինքնաբավության ուղին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մասնաբաժինը ընդհանուր արտադրության մեջ կարելի է կրկնապատկել` հասցնելով 50-60 տոկոսի: Դրան մեծապես կարող է նպաստել «Մասրիկ-1» 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի հիմնումը, որն իրականացվում է բաց մրցութային ձևաչափով` մասնակից ընկերությունների կողմից ամենացածր սակագին առաջարկելու պայմանով: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ:

-Պարոն Մելկիկյան, ո՞րն է հիմնադրամի այս տարվա գլխավոր անելիքը:

-Մեր ամենակարևոր անելիքներից մեկը Մեծ Մասրիկ համայնքում 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրն է: Գիտեք, որ տեղի ունեցավ մեծ համաժողով, հրավիրեցինք նախաորակավորված բոլոր կազմակերպություններին, որոնք տասն են, որպեսզի ներկայացնեին իրենց բոլոր հարցերը ներդրողներին ներկայացված փաթեթների վերաբերյալ: Արդյունքը բավականին լավն էր, մենք ստացանք մոտ 250 գրավոր հարց, որոնք պարզաբանվեցին մեր կողմից, եռօրյա ժամկետում կրկին հարցեր ուղղելու հնարավորություն տվեցինք և ստացանք ևս 10 հարց: Հուսով ենք, որ դա ավելի մեծացրեց վստահությունը ներդրողների շրջանում, որն իր հերթին կբերի իրենց կողմից ավելի էժան սակագնի ներկայացմանը:

Սա յուրօրինակ ծրագիր է, Հայաստանում նմանատիպ ընթացակարգով մրցույթ չենք ունեցել: Շնորհիվ Համաշխարհային բանկի խորհրդատուների` կարողացանք այնպիսի փաթեթ ու ընթացակարգ մշակել, որը երկրին թույլ կտա առաջին անգամ մասնավոր-պետություն համագործակցությամբ այսպիսի ծրագիր իրականացնել:
Մարտի 21-ին սակագնի վերաբերյալ առաջարկները ստանալուց հետո, մեր կողմից կկատարվի դրանց գնահատումը: Մրցույթի կարևոր պայմանը նվազագույն սակագինն է, բայց որպեսզի ընկերությունները կարողանան հայտ ներկայացնել, պետք է ապահովագրեն այն: Որովհետև չենք ուզում գա մի մասնակից, որը կտա ամենացածր սակագինը, բայց հետո կհրաժարվի իր առաջարկից և ծրագիրը կմնա թղթի վրա: Եթե բոլոր մասնակիցները որոշեն մասնակցել, յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար պետք է տա որպես երաշխիք: Եթե մեկին հաղթող ճանաչեցինք, մնացածի գումարները վերադարձնում ենք, այդ մեկը պարտավորվում է ևս 700 հազար դոլար ավելացնել, դա լինելու է ապահովագրություն, որ այդ կայանը երկու տարվա մեջ կկառուցվի: Եթե չկառուցի, այդ գումարը պահվելու է:

Դրանից զատ լինելու է նաև գումար, որն ընկերությունը փոխհատուցելու է համայնքին մոտ 80 միլիոն դրամի չափով համայնքային զարգացման ծրագրերի իրականցման համար: Հիմա բոլոր մասնակիցները ֆինանսավորման իրենց աղբյուրներն են փնտրում: Հարկ է նշել, որ այդ բոլոր կազմակերպությունները աշխարհում խոշոր ընկերություններ են, որոնք վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեծ փորձառություն ունեն: Հետաքրքրին այն է, որ այդ տասից երեքն արդեն Հայաստանում գործունեություն են ծավալում  : Այս ծրագիրն ուղղակի ներդրումներ կբերի մեր երկիր ու հաջողության դեպքում կբարելավի Հայաստանի դիրքը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից:

-Ամենացածր սակագինը ոլորտում ի՞նչ կփոխի:

-Ոլորտում շատ բան կփոխվի: Մենք դեռևս փոքր կայանների արդյունքներով կարող են դատել. բարձր սակագին սահմանվեց, որ փորձ ձեռք բերեն: Հայաստանում սկսվեց այդ բիզնեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծանալ, փոքր ու միջին ձեռնարկություններն սկսեցին մտածել այդ ուղղությամբ: Մեկ-երկու տարվա ընթացքում մեծ փորձառություն են ձեռք բերել և արևային լուծումների մեջ սկսում են մեծ նորարարական ներդրումներ կատարել: Այսպիսով փոքրը զարգացնելով, եթե մեծ կայանի համար ստանանք ցածր սակագին, կկարողանանք մրցել վերականգնվող այլ աղբյուրներից ստացվող էներգիայի սակագների մրցավազքում: ՀԷԿ-երի դեպքում սակագինը 28 դրամ է, եթե մենք կարողանանք այդ սակագինը ստանալ, արդեն արևային կայանները կմրցեն ՀԷԿ-երի հետ: Արևը մաքուր էներգետիկա է, որն էկոլոգիական խնդիրներ չի ստեղծում, Հայաստանում շատ է: Այդպիսի մրցակցային պայմաններում կկարողանանք մեր ընդհանուր էներգետիկ համակարգի մեջ մեծացնել արևային սեկտորի մասնաբաժինը:

Սա հետաքրքրություն կառաջացնի այլ ներդրողների մոտ ևս: Մեծ Մասրիկը 55 մեգավատ հզորության է, բայց ունենք 15, 20, 30 մեգավատանոց արևային կայանների հիմնման ծրագրեր` ընդհանուր առմամբ 110-120 մեգավատ հզորության: Այսինքն` Մասրիկի լավ արդյունքների դեպքում մենք այս միտումը կշարունակենք և հնարավոր է այսօր ստանանք մի սակագին, վաղն ավելի էժան, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են, դրանց ինքնարժեքներն ընկնում են, այդ ընթացքում մենք էլ փորձառություն ենք ձեռք բերում: Սկսում ենք ավելի մրցունակ դառնալ թե տարածաշրջանում, թե ներքին շուկայում:

Իհարկե, շատ կարևոր է նշել, որ այս զարգացումների երկրորդ քայլը կուտակային հզորությունների ստեղծումն է: Վերականգնվող էներգետիկայի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ թե արևը, թե քամին օրվա որոշակի ժամերին ունեն հզորությունների ստեղծման հնարավորություն, հետևաբար, որպեսզի մեր էներգետիկ համակարգն ավելի կայուն լինի, առաջանում է կուտակային հզորությունների ստեղծման պահանջարկ: Սա մեր թիրախներից մեկն է, ներկայում ուշադիր հետևում ենք զարգացումներին: Այսօր գները կամաց-կամաց մրցունակ են դառնում, սկսում են հետաքրքիր առաջարկներ ի հայտ գալ: Նմանատիպ հզորությունների ստեղծումով մենք կարող ենք ավելի մեծ քայլերով վերականգնվող էներգետիկան զարգացնել: Արդյունքում կլուծենք թե երկրի էներգետիկ անվտանգության հարցը, թե հավելյալ սպառման հնարավորություններ կստեղծենք` մեծացնելով նաև արտահանման հզորությունները:  Ի վերջո, մրցունակ սակագին ունենալով, կարող ենք նոր ներդրումներ ներգրավել:

-Հնարավո՞ր է մի օր լինել ինքնաբավ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման արդյունքում:

-Ես կասեի դա արդեն շատ երկրներում պարտադիր պայման է: Իհարկե, Հայաստանը նույնպես պետք է ձգտի դրան, բայց թե ինչ ժամկետներում կհասնենք, դժվար է ասել: Հայաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 30 տոկոսը վերականգվող էներգետիկայից է ստացվում, որում մեծ բաժինը փոքր ՀԷԿ-ներն են ապահովում, արևի մասնաբաժինը փոքր է, ինչն, իհարկե, կարելի է մեծացնել: Եթե Մասրիկի փորձը ցույց տա, որ ստանում ենք այլ աղբյուրների համեմատ մրցունակ գին, լրիվ նոր դաշտ է բացվելու: Կարելի է հասնել ընդհանուրի մեջ վերականգնվող ռեսուրսներից մինչև 50-60 տոկոս տեսակարար կշռի: 2017-ի արդյունքները բավականին գոհացուցիչ են, 2018-ին արևային էներգետիկայի զարգացումը կրկնապատկվելու է, եթե ոչ եռապատկվելու: Նախորդ տարվա տվյալներով` Հայաստանում 2000-ից ավելի բնակիչ իր տանիքներին արդեն տեղադրել է ջրատաքացուցիչներ, շուրջ 200-ը` արևային վահանակներ:

-Պարոն Մելկիկյան, Հայաստանի ո՞ր շրջաններն են առավել հարուստ արևով:

-Մենք ունենք քարտեզ, որտեղ նարնջագույն ու կարմիր երանգներով նշված են արևային էներգետիկայի զարգացման տեսանկյունից հետաքրքիր տարածքները: Ձեզ կարող է զարմացնել, թե ինչու էջմիածնի կողմը մի քիչ կանաչ է, քանի որ բարձրադիր տեղանքներում, որտեղ փոշին ավելի քիչ է, արևի ինտենսիվությունն ավելի շատ է, իսկ եթե փոշին շատ է, ճառագայթները չեն կարողանում արդյունավետ կերպով հասնել արևային վահանակներին։ Արևով հարուստ տարածքներ կան Չարենցավանում, Թալինում, որտեղ արևը բավականին ուժեղ է, Սևանի շրջակայքում։

Տեղանքներն ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն արևի ինտենսիվությունը, այլև հանգամանքը, որ այդ հողերը գյուղատնտեսական տեսանկյունից օգտակար չլինեն։ Դրա համար մենք մեր քարտեզը կազմելիս և ներդրողներին առաջարկներ ներկայացնելիս, ընտրել ենք այն տարածքները, որոնք մինիմալ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը։ Քանի որ խոսքը գնում է հեկտարների մասին: Օրինակ, Մեծ Մասրիկի դեպքում մոտ 100 հեկտար տարածք է անհրաժեշտ, որպեսզի 45-55 մեգավատ հզորություն հնարավոր լինի սարքել ու տեղակայել։ Դրան գումարած փոշին քիչ լինի, տեղանքը հարթ լինի, արևելք նայող կողմ լինի, կողքին շենք-շինություններ, ծառեր չլինեն։ Եթե մարդ մտածում է նմանատիպ բիզնեսի մասին, կարող է օգտվել այս քարտեզից։ Հիմնադրամն էլ իր հերթին կարող է փորձագիտական գնահատական տալ։ Պետք է հաշվի առնել նաև բարձրավոլտ ցանցերին միանալու դյուրինության մասին:

Մենք լիահույս ենք նաև քամու էներգետիկայի զարգացման հեռանկարով: Գեղարքունիքում արդեն երկու չափիչ կայանները տեղադրված են։ Կան ներդրողներ, որոնք հետաքրքրված են Զոդ համայնքով: «Լոռի-1» հողմակայանի, ինչպես նաև Բարձրավոլտ էլեկտրացանցի բալանսում գտնվող քամու երկու կայանների ընդլայնման ծրագրեր կան: Սա մի ոլորտ է, որտեղ ներդրողների ձեռքը բռնած պիտի առաջ շարժվենք և հասնենք նրան, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մեջ էլ դիվերսիֆիկացիան մեծանա։ Որպեսզի, եթե մի տարի ջուրը քիչ լինի, արևը լրացնի այդ բացը, մեկը մյուսով կկարողանանք կոմպենսացնել, ինչն արտադրության տեսանկյունից էլ մեր ռիսկերը կնվազեցնի:

Հարցազրույցը` Անի Նազարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]