Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան նոր էլեկտրագնացքով


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը:

Էլեկտրագնացքը ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:
Կարեն Կարապետյանին տեղեկացվել է, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:

Մարտի 4-ին և 8-ին և 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:

ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ