Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Շվեյցարացի ներդրողի համար գլխավոր նախապայմանը Հայաստանում լավ գործընկեր գտնելն է


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի ներդրողին Հայաստանում նախեւառաջ անհրաժեշտ է  լավ գործընկեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ, Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:

«Մնացած ամեն ինչը՝ օրենսդրական դաշտ, սեփականության իրավունք, բոլոր այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք ներդրողին պետք է պաշտպանեն՝ կան և շատ լավ գործում են: Այո, իհարկե, որոշ թերություններ բիզնեսի այս կամ այն փուլում կարող են լինել, բայց դրանք կան բոլոր երկրներում: Ես կարծում եմ, որ առաջին նախապայմանն այստեղ լավ գործընկեր գտնելն է»,- ասաց նա: 

Հայ-շվեյցարական առեւտրային հարաբերությունները գոհացուցիչ են, եւ թեպետ նախորդ տարի երկու երկրները բավականին մեծ աճ են գրանցել առեւտրաշրջանառության ծավալներով, այնուամենայնիվ, Հայկ Հովհաննիսյանը հավատում է, որ երկկողմ առեւտուրն ակտիվացնելու շատ ավելի նեծ ներուժ կա:

«Ես երկու երկրների մեջ տեսնում եմ շատ նմանություններ եւ ընդհանուր եզրեր: Այդ իրողությունը փաստում են նաև մեր շվեյցարացի գործընկերները։ Երկու երկրները շատ նման են, երկուսն էլ ունեն ոչ շատ մեծ բնակչություն, չունեն ծով, շրջապատված են բավականին մեծ հարեւաններով, բայց միաժամանակ կրեատիվ են, խելացի եւ միջազգային թատերաբեմում ունեն լավ ընկերներ»,-ընդգծեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բավականին գրավիչ է դարձնում երկիրը եվրոպացի ներդրողի համար: Կարեւոր գործոն է նաեւ Իրանի հետ համագործակցությունը:

«Հայաստանը եզակի երկիր է, որի արտաքին քաղաքականության շնորհիվ բոլոր գործընկերների հետ ստեղծվել են  բաց, թափանցիկ ու կանխատեսելի հարաբերություններ։ Շվեյցարացի գործարարների հետ խոսելիս նկատվում է, որ նրանց ուշադրության կենտրոնում հենց այդ հանգամանքն է. ԵԱՏՄ՝ շատ լավ է, նաև Իրան՝ շատ ավելի լավ է»,-ասաց նա:

Հայկ Հովհաննիսյանը խոսեց զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համագործակցության մեծ հեռանկարների մասին: Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ ներկայումս ուսումնասիրության փուլում է Հայաստանում փոքր ջրամբարների կառուցմանն առնչվող նախագիծը, 

«Դա մի հնարավորություն է, որը թույլ կտա ջրառատ սեզոնին ամբարել ջուր եւ ոռոգման սեզոնին բավականին շատ հարցեր լուծել շատ համայնքների համար: Միաժամանակ այն  որոշակի էներգետիկ ներուժ է ունենալու. այս ծրագրի ջատագովներից է շվեյցարահայ ներդրող և բարերար Վարդան Սիրմակեսը, որն արդեն  նմանատիպ մի քանի ծրագրեր է իրականացնում մեր հայրենիքի տարբեր շրջաններում»,-ասաց Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Հայկ Հովհաննիսյանի խոսքով Հայաստանը պետական մակարդակով արել է բոլոր ահնրաժեշտ քայլերը և պատկերավոր ասած հերթն այժմ հայաստանյան մասնավորինն է, հնարավորությունը՝ հայ գործարարի ձեռքում՝ բացվել աշխարհին, գտնել գործընկերներ, ստեղծել վստահելի իմիջ իր եւ իր երկրի համար:

Սյուզի Մուրադյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ