Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Աստված հոգիդ լուսավորի, Հրանտ». Փայլանի հայերեն խոսքերը մեջլիսի արձանագրություններում «X» նշանով են արտացոլվել

«Աստված հոգիդ լուսավորի, Հրանտ». Փայլանի հայերեն խոսքերը մեջլիսի 
արձանագրություններում «X» նշանով են արտացոլվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանեց խաղաղության, արդարության մեջ միասին ապրելու կամքը: Սակայն, դժբախտաբար, սրանից ուղիղ 11 տարի առաջ սպանվեց պետության հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի մեջլիսում իր ելույթն այս խոսքերով է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:

«Հանցագործությունից շուրջ 3 տարի առաջ իր պարբերականում Դինքը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը՝ Աթաթուրքի որդեգիր զավակը, հայ որբ է: Թուրքիայում մեկ անձի հայ լինելու մասին պնդումն անմիջապես ընդունվեց որպես մեծ հանցանք: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայ լինելու մասին այդ պնդումը հանցագործություն համարեց: Գլխավոր շտաբը հատուկ հայտարարությամբ թիրախավորեց Հրանտ Դինքին, հայտարարվեց, թե նա «վիրավորում է թուրքականությունը»: Իհարկե, սրան որոշակի զարգացումներ հաջորդեցին»,- նշել է պատգամավորը:

Փայլանը հիշեցրել է, որ անգամ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և ներկայացուցիչները չխորշեցին Դինքին թիրախավորող հայտարարություններից: Օրինակ, այն ժամանակվա արդարադատության նախարարը Հրանտ Դինքի համար հայտարարել էր. «Թիկունքից մեզ դաշունահարում են»: Նմանօրինակ հայտարարությամբ հանդես եկավ նաև այն ժամանակ պատգամավոր Ջեմիլ Չիչեքը: «Նման դեպքերում կարո՞ղ էին թերթերը անգործ մնալ: Այս օրերին թերթերն էլ, բնականաբար, թիրախավորեցին Հրանտ Դինքին: Դինքն անգամ կանչվեց Ստամբուլի նահանգապետարան, որտեղ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան սպառնացին՝ ասելով. «Չափդ իմացիր»: Եվ այդ ամբողջ ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության ղեկին էր և հետևում էր կատարվող իրադարձություններին: Եվ այս ամենի արդյունքում՝ մի ամբողջ պետության հետախուզական մարմինների տեղեկացվածության պայմաններում, նրանց աչքի առաջ Դինքը սպանվեց»,- նշել է Փայլանը:

Նա ընդգծել է, որ թեպետ բազմիցս իրենց հորդորել են երկրի իշխանություններին հետամուտ լինել հանցագործության բացահայտման գործում, սակայն ԱԶԿ-ն փոխարենը հանցագործության մեջ մեղավոր բոլոր գործիչների պաշտոնը բարձրացրեց՝ դարձրեց նախարար, նահանգապետ, հետախուզական վարչության ղեկավար: Փայլանի համոզմամբ՝ այս անհետևողականությունն է պատճառը, որ երկրում շարունակվում են հանցագործությունները, հասարակության տարբեր հատվածներ մեկը մյուսի դեմ են դուրս գալիս, հեղաշրջման փորձեր են տեղի ունենում:

«Հարգելի գործընկերներ, դեռևս շատ չենք ուշացել: Գիտեմ, որ հիմա վեր կկենաք և կասեք՝ գործում ներգրավված երկու գյուլենական կա, նրանք են մեղավորները: Սակայն ոչ, միայն գյուլենականները չեն, այստեղ մի ամբողջ պետության հավաքական պատասխանատվություն կա: Հիշեք, ցանկացած անպատիժ հանցագործություն նոր հանցանքի պատճառ է դառնում: Մի մոռացեք, հանցագործներին թաքցնողը ևս հանցակից է»,- հայտարարել է մեջլիսի հայ պատգամավորը:

Նա նշել է, որ իրենք՝ Դինքի ընկերները շարունակելու են արդարության հասնելու իրենց պայքարը: Խոսքի վերջում դիմելով Հրանտ Դինքին նա հայերենով ասել է. «Աստված հոգիդ լուսավորի: Շատ ապրես, Հրանտ»:

Ուշագրավ է, որ մեջլիսի արձանագրություններում Փայլանի կողմից հնչեցված հայերեն այս խոսքերը արտացոլվել են «X» նշանով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]