Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Հարլեմ Դեզիրը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանում հարձակումն ազատ մեդիայի դեմ


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու առնչությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ-ից, Դեզիրը փաստել է, որ հետաքննական լրագրողի դեմ դատարանի որոշումը բացահայտ հարձակում է ազատ մեդիայի դեմ: «Անկախ լրագրողներին լռեցնելու փորձերը չեն կարող երբեք ընդունելի լինել: Հուսով եմ, որ այս վճիռը կվերանայվի»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը, ով նախկինում բազմիցս հորդորել էր Ադրբեջանի իշխանություններին հանել Մուխթարլիի դեմ բոլոր մեղադրանքները:

Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2014 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում:

2017 թվականի մայիսին նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա եւ դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել էին գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ:

Հունվարի 12-ին Բաքվի դատարանը Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ