Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գալա երեկոյին  3.6 մլն դոլար է հանգանակվել


ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 3.6 միլիոն ԱՄՆ դոլար։ Հանգանակված ողջ հասույթը ծառայելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերին՝ հատուկ շեշտ դնելով ՍՄԱՐԹ նախաձեռնության վրա։

Նյու Յորքի ամենամեծ բարեգործական միջոցառմանը ներկա էին արվեստի աշխարհում համաշխարհային հռչակ վայելող Թոնի Շաֆրազյանը, «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը, դիզայներ Մայքլ Արամը, շեֆ-խոհարար Ջեֆրի Զաքարյանը, դերասանուհի և երգչուհի Վանեսա Ուիլիամսը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «COAF-ի մարդասիրական մրցանակը» շնորհվել է «Էմմի» մրցանակի դափնեկիր, հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիսիա Ֆիլդին («Սեքսը մեծ քաղաքում», «Սատանան Պրադա է կրում»)։ Ֆիլդը, ով հայկական և հունական արմատներ ունի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի վաղեմի աջակիցն է, քաջալերում է մարդկանց իրացնել իրենց ամբողջ ներուժը, լինել յուրօրինակ ու հասնել անհատական կատարելության։

Ֆիլդին անձամբ մրցանակ հանձնեց Վանեսա Ուիլիամսը. նրանք միասին աշխատել են «Տգեղ Բեթին» (Ugly Betty) հեռուստասելիալում։ Երգչուհին կատարեց «Ոսկե գլոբուս» և Ակադեմիայի մրցանակակիր «Քամու գույները» (Colors of the Wind) երգը։

Երեկոյի հատուկ հյուրերն էին Հայաստանից մեկնած երաժիշտներ 14-ամյա սաքսոֆոնահար Ալեքսանդր Ավետիսյանը և 9-ամյա վոկալիստ Անի Մարգարյանը։ Գալայի մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու լեռնագոգցի (Արմավիր) 16-ամյա Նարե Գալստյանին։ Նա վառ գույներով պատմեց, թե ինչպես է COAF-ը փոխել իր կյանքը, ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ գոյություն չունեին իրենց գյուղում։

Աշխարհահռչակ կոլեկցիոներ Սայմեն դե Պյուրին աշխուժություն ապահովեց իր վարած աճուրդի ամբողջ ընթացքում։ Ներկայացված էին COAF-ի առաքելությանը նվիրաբերված արվեստի եզակի գործեր հայտնի արվեստագետներ Էդ Ռուշայի, Ռիչարդ Փրինսի, Քենի Սքարֆի և Պատրիկ Դեմարշելյեի կողմից։ Աճուրդում վաճառվեց նաև հայ-ամերիկյան աշխարհահռչակ արձակագիր Վիլյամ Սարոյանի գործերից մեկը։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ