Տնտեսություն

Հայաստանի օրգանական մեղրն իր սպառողին է գտել ԵԱՏՄ-ում, Չինաստանում, ԱՄԷ-ում և ԵՄ-ում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի օրգանական մեղրն իր սպառողին է գտել ԵԱՏՄ-ում, Չինաստանում, ԱՄԷ-ում և ԵՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվում է 86 արտադրող, կան նաև մի քանի կազմակերպություններ, որոնք անցումային շրջանում են, որը սովորաբար տևում է երեք տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Արտադրողների թիվը հնարավոր է եղել կրկնապատկել Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում: «Բավականին հետաքրքրություն կա հայկական օրգանական ապրանքների նկատմամբ, բայց արտահանման կազմակերպման հիմնական խնդիրը կապված է արտադրական ծավալների ապահովման հետ»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ կենդանական ծագման օրգանական ապրանքներից Հայաստանն այսօր արտահանում է մեղր և խեցգետին: Մեղրի արտահանման աշխարհագրությունը լայն է` ԵԱՏՄ, հիմնականում` Ռուսաստան, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և ԵՄ երկրներ:

Արմեն Հարությունյանի խոսքով` օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանի համար առաջնահերթություն է, ներկայում մշակվում է կանաչ գյուղատնտեսության ծրագիրը, այն մեկնարկելու է 2019-ին: «Դրա շրջանակներում բավականին մեծ ռեսուրս ենք ներդնելու օրգանական արտադրողներին խթանելու համար: Մեր արտադրողները պետք է իմանան, որ, մասնավորապես եվրոպական շուկայում օրգանիկ արտադրանքի պահանջարկը շատ բարձր է»,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ բանակցում ենք շուրջ 5 միլիոն եվրոյի ֆինանսավորման շուրջ` օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում