Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ այցելած ֆինները տպավորված են վերադառնում. Ֆինլանդիայի հայերը ջանք չեն խնայում Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում

ՀՀ այցելած ֆինները տպավորված են վերադառնում. Ֆինլանդիայի հայերը ջանք չեն 
խնայում Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում մոտավոր տվյալներով ապրում է 700-ից ավելի հայ: Այնտեղ բնակվող հայերն աշխատում են տարբեր բնագավառներում և շատերն իրենց ոլորտներում հասել են հաջողությունների: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիայի հիմնադիրներից Աբգար Մարգարյանը, այնտեղ բնակվող հայերի թիվը մոտավոր է ներկայացվում, քանի որ չկա հստակ վիճակագրություն:

«Հայերի մի մասը ներգաղթել է տարբեր երկրներից տարբեր քաղաքացիություններով: Ոչ բոլոր ներգաղթյալ հայերի մայրենի լեզուն է հայերենը: Այս հանգամանքը դժվարացնում է ստեղծել պաշտոնական ստույգ վիճակագրություն: Ասեմ, որ հայերը ցրված են տարբեր քաղաքներում, նրանք բնակվում են մայրաքաղաք Հելսինկիում, Տամպերե, Տուրկու, Կոտկա, Պորվո քաղաքներում, ինչպես նաև հյուսիսային քաղաքներում»,-ասաց Աբգար Մարգարյանը:

Հայ-ֆիննական հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 17-րդ դարում, երբ Ֆինլանդիան Շվեդիայի Թագավորության մի մասն էր կազմում: Հայաստանի վաճառականները առևտրական կապեր են հաստատել Սկանդինավյան երկրների հետ: Մշտական հայ բնակիչներ Ֆինլանդիայում շատ քիչ են եղել: Ռուսաստանից հայերը հաճախ են այցելել Ֆինլանդիա, որտեղ նրանցից ոմանք ունեցել են ամառանոցներ: 20-րդ դարի առաջին կեսին Ֆինլանդիա են այցելել հայ մտավորականներ Ալեքսանդր Աբելյանը, Գարեգին Լևոնյանը, Լևոն Բաշալյանը, Ստեփան Շահումյանը, Վահան Տերյանը, Վահրամ Փափազյանը (Հելսինկիում «Օթելլոյի» 4 ներկայացում է տվել ֆինն դերասանների հետ): 1935-ին Վիլյամ Սարոյանն է այցելել Ֆինլանդիա: Ներգաղթյալների առաջին գրանցումները եղել են 30-ական թվականներին, հետագայում հիմնականում եղել են ներգաղթյալների ալիք Սիրիայից, Պարսկաստանից, Սովետական Միության երկրներից, ինչպես նաև Հայաստանից:

Վերջին տարիներին ներգաղթ սկսվեց մերձավորարևելյան ռազմական գործողություններից հետո, երբ այդ տարածաշրջանի, հիմնականում՝ Սիրիայի հայերը տեղափոխվեցին եվրոպական երկրներ, այդ թվում ՝ Ֆինլանդիա:

Ինչպես տարբեր երկրների հայ համայնքներում, Ֆինլանդիայում նույնպես օրակարգային է հայապահպանության հարցը: Մինչ «Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիա»-ի գրանցվելը՝ ֆինլանդիայում հայ համայնքը տարբեր միջոցառումներ էր կազմակերպում անհատների նախաձեռնությամբ: Աբգար Մարգարյանի խոսքով, տարիների ընթացքում արդեն հասունացավ կազմակերպության հիմնման անհրաժեշտությունը, և 2013-ից «Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիա»-ն սկսեց իր ակտիվ գործունեությունը, որի նպատակն է համախմբել հայերին, ստեղծել միասնականության մթնոլորտ, կազմակերպել մշակութային միջոցառումներ,  ստեղծել հայոց լեզվի և մշակութային խմբակներ երեխաների համար:

«Չնայած ասոցիացիայի կարճ պատմությանը՝ այն ծավալել է լուրջ հայապահպանական գործունություն: Այս ընթացքում կազմակերպվել են տարբեր մշակութային միջոցառումներ, հիմնվել է հայոց լեզվի կիրակնօրյա դպրոց, որն արդեն մի քանի տարի գործում է: Ասոցիացիան շատ սերտ համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ, որը մեծ պատրաստականությամբ տրամադրում է հայկական դպրոցի գործունեության համար անհրաժեշտ նյութեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետագա նպատակներից է ստեղծել սպորտային և պարի խմբակներ:

«Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիա»-ի հիմնական նպատակներից մեկն է նաև ակտիվ համագործակցել Սփյուռքի հայկական համայնքների, կրթօջախների հետ: Այդ իսկ նպատակով, ասոցիացիան ձեռնամուխ է եղել սերտ կապեր հաստատել հարևան երկրների հայկական համայնքների հետ: Ասոցիացիան սերտ համագործակցում է նաև Ֆինլանդիայում և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ: Ֆինլանդիայում կա նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը: Երկու տարի առաջ Ֆինլանդիայի ազգային ժողովում հիմնվել է Հայաստանի բարեկամական խումբ:  Հայաստանի հետ կապը նաև ավելի կամրապնդի վերջերս Ֆինլանդիայում ստեղծված Հայկական զարգացման ֆոնդը (DFA):

«Առայժմ ասոցիացիան չունի իր սեփական տարածքը, այդ պատճառով հիմնականում վարձակալում ենք, ինչպես նաև համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնք այդ հարցում նույնպես մեզ աջակցում են: Մեր հիմնական խնդիրներից կարելի է առանձնացնել այն, որ հայերը բնակվում են տարբեր քաղաքներում, հեռավորությունը դժվար է դարձնում կապը և հնարավորությունն ավելի հաճախ մասնակցելու տարբեր միջոցառումներին, բայց նշեմ, որ տարեց տարի ավելանում են համայնքային կյանքին ակտիվ մասնակիցների քանակը»,-ավելացրեց Աբգար Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ֆինների շրջանում հայերի, Հայաստանի ճանաչելիությանը, ապա Աբգար Մարգարյանը նշեց, որ շատերը տեղյակ են Հայաստանի և հայերի մասին, բայց այս հարցում դեռ շատ անելիքներ կան:

«Այս տարի մեր ասոցիացիան մասնակցում էր Հելսինկիում ամեն տարի կազմակերպվող մշակութային փառատոնին, որի շրջանակներում առաջին անգամ ներկայացրեցինք Հայաստանը: Հայկական տաղավարով հետաքրքրված էին շատ ֆիններ: Շատերը մոտենում ու պատմում էին Հայաստանի մասին, պատմում նաև Հայաստանում իրենց ունեցած ճամփորդության և կրկին Հայաստան այցելելու իրենց ցանկության մասին: Այս տարի նաև մասնակցեցինք «Ռեստորանի օր»-ը փառատոնին, որը մեծ համբավ ունեցող փառատոն է: Հայկական «Ճաշակեք Հայաստանը» տաղավարն աննախադեպ հաջողություն ունեցավ: Միջոցառման կազմակերպիչ Մարիամ Նուրմինենը, վաճառքից ստացած հասույթը փոխանցեց Հայաստանի սահմանամերձ գյուղերի կարիքավոր ընտանիքներին: Հետագայում նպատակ ունենք այսպիսի փառատոններին առավել հաճախ մասնակցել»,-ասաց նա:

Ֆիններին Հայաստանը ներկայացնելու հարցում մեծ ավանդ ունեն նաև Հայաստանի ֆին ընկերները: Աբգար Մարգարյանի խոսքով, Հայր Սերաֆիմը, ով լավ է ճանաչում Հայաստանն ու հայերին, ունի ֆիններենով գրված գրքեր Հայաստանի մասին, թարգմանություններ: Վերջերս նրա՝ Հայաստանի մասին գրքերից մեկը թարգմանվեց նաև շվեդերեն: Կան նաև անհատներ, կազմակերպություններ, ովքեր հաճախ այցելում են Հայաստան, կազմակերպում են տարբեր բարեգործական միջոցառումներ:

Աբգար Մարգարյանը նկատեց, որ Հայաստան այցելած ֆինները շատ տպավորված են վերադառնում Հայաստանից, նրանցից շատերը հետագայում նորից այցելում են Հայաստան: Շատերն ասում են, որ իրենց կյանքը բաժանվում է երկու մասի՝մինչև Հայաստան այցելելը և դրանից հետո:

Ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկն է Ֆինլանդիայում հայկական մշակույթի, հայոց պատմության ներկայացումն ու տարածումը՝ իրականացնելով տարբեր միջոցառումներ, որն էլ հիմք է ստեղծում ճանաչելի դարձնել նաև Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]