Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Սպասվող լրահոս. 07.12.2017

Սպասվող լրահոս. 07.12.2017
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցը: 1988 թվականի այս օրը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Այդ աղետի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Օրվա թեմայով նախատեսված է մամուլի ասուլիս ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանի, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգե Նամալյանի եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի մասնակցությամբ:

Կառավարությունը կհաստատի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Հարցը ներառված է այսօր կայանալիք գործադրի նիստում:

ՀՀ բնապահպանության նախարարությունում կանցկացվի բնապահպանական պլակատների մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների պարգևատրման արարողությունը: Այն անցկացվում է «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակում Հայաստանի նկարիչների միության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Ամանորին ընդառաջ շուկայում առկա թանկացումները «Սպառողների ասոցիացիա»-ի ուշադրության կենտրոնում են: Ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա թանկացումներին, ինչպես նաև հրավառության սարքերի և պայթուցիկների վաճառքին, դրանց վտանգավորությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային քննարկում`«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ: Քննարկումը կվարի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

ՀՀ ԳԱԱ-ում կկայանա հայագետ, միջնադարյան հայոց պատմագրության երկերի թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովը: Այն կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:

Գրողների միությունում տեղի կունենա թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովայի ծննդյան 75-ամյակին նվիրված ցերեկույթ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am