Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով հարվածում է խաղաղության գործընթացին․ Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով հարվածում է խաղաղության գործընթացին․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ երբ հայկական ու ադրբեջանական կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, դրանից հետո Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով ու նոր պահանջներով սկսում է հարվածել այդ գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով այն հարցին, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման ո՞ր փուլում են գտնվում կողմերը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասել են խաղաղության պայմանագրի կնքման այն փուլին, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համար, մեծ մասն ունեն իրենց պատասխանները:

«Ես դեռ անցյալ տարեվերջին ասացի, որ քաղաքական կամքի պարագայում խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել վաղը, բայց մենք իրավիճակի ենք ականատես լինում, երբ օրինակ, հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահը սկսում է հարվածել այդ գործընթացին: Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին: Ես տեսել եմ, որ նա նաև Խոջալուի հետ կապված է խոսել», - ասաց Սիմոնյանն՝ ընդգծելով, որ լավ կլիներ՝ Ալիևը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է խոսեր, եթե կողմերը գնում են խաղաղության:

Սիմոնյանի դիտարկմամբ՝ պետք է խաղաղություն ցանկացող կողմը նախևառաջ նշի, շեշտի այն բաց տեղերը, որոնք կարող են խանգարել խաղաղությանը, ոչ թե նման բաներից խոսել։

«Ադրբեջանը նախ պետք է բաց թողնի ռազմագերիներին, նաև իր երկրում քաղբանտարկյալներին, մենք ունենք մի մարդ, որը նույնիսկ զինվորական չէ և որը գողացվել է Ադրբեջան-Հայաստան սահմանից և պահվում է այնտեղ, և ես մեծ մտահոգություն ունեմ Սուջյանի վերաբերյալ, որը հայտնել եմ բոլոր միջազգային կառույցներին և գործընկերներին՝ այդ տղայի առողջությանը և կյանքին կարող է վտանգ սպառնալ, որովհետև կոնկրետ այդ պարագայում հաշվեհարդար են տեսնում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ խաղաղություն ցանկացողը բանակցությունների սեղանին խոսում է մի բան և հետո հարվածում է այդ գործընթացին։

Նա նաև հավելեց, որ սա ոչինչ չի նշանակում, և Հայաստանը շարունակելու է խաղաղության՝ իր ընտրած ճանապարհը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում