Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական 
համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է: Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում այս տարի բավական մեծ առաջընթաց է արձանագրվել. 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 անգամ: Կարևորելով Շվեյցարիայի կողմից ՀՀ-ին տրամադրված Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) առևտրային ռեժիմը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-շվեյցարական տնտեսական գործակցության մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ կապերը: «Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում: Հայաստանը կարող է նաև բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար և´ ԵԱՏՄ շուկայում, և´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաև ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար», - նշել է վարչապետը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը ևս գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում 2017 թ. նշանակալի աճ է արձանագրվել, և ներկայում նոր ներդրողներ են այցելում մեր երկիր՝ բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Լուկաս Գասսերն ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից և կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը շատ լավ նախաձեռնություն է, որը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել շվեյցարական ներդրողների համար: Դեսպանի կողմից՝ Հայաստանի արտահանողների կողմից GSP ռեժիմի լիարժեք կիրառումը ևս կնպաստի գործակցության նոր ուղղությունների բացահայտմանը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խորացման հեռանկարները: Արծարծվել են, մասնավորապես, օդային ուղիղ հաղորդակցության հաստատման, զբոսաշրջության խթանման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցության, Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի գործունեության, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, ներդրումային ծրագրերի իրականացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև  անդրադարձ է եղել վարչապետի՝  Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության հետ կապված հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am