Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ 
Քովինդի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար՝ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ Հնդկաստանի բարգավաճմանն ու հնդիկ ժողովրդի բարեկեցությանն ուղղված նրա պատասխանատու գործում:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Քովինդի հետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանրապետության Նախագահը բավականին տպավորիչ է համարել Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովը և ցուցահանդեսը, որի բացմանն իր գլխավորությամբ մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը: 

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Հնդկաստան իր աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Մոդիի և փոխնախագահ Նայդուի հետ կայացած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներով հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների մասին մեծ թվով հիշատակումներ կան պատմիչների գործերում. բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում: Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ 16-րդ դարից սկսած Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում ձևավորվել են զգալի թիվ կազմող հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական ու քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: 

Հայկական համայնքներից միայն Կալկաթայի համայնքի մասին խոսելիս Նախագահը նշել է, որ 17-19-րդ դարերում այդ համայնքը շատ կենսունակ էր և ակտիվ հասարակական-քաղաքական մասնակցություն ուներ ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև ողջ հայության կյանքում: Այդ համատեքստում Նախագահը հիշատակել է 1794թ. Մադրասում տպագրված հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարարը», ինչպես նաև գրեթե նույն ժամանակահատվածում հրատարակված Հակոբ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը, որը ուրվագծել է անկախ հայոց պետության ապագա Սահմանադրությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի նախագահին և հնդիկ ժողովրդին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նշելով, որ վաղն այցելելու է Ագրա քաղաքում գտնվող Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ, Նախագահը ուրախությամբ է փաստել, որ այդ հոյակերտ հուշարձան-դամբարանի կառուցմանը մասնակցել են նաև հայ շինարարներ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների: Նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` այդ նշանակալից հոբելյանի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ բարձր մակարդակի պարբերական հանդիպումները կօգնեն լիարժեքորեն բացահայտելու երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժն ու նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները:

Հնդկաստանի նախագահը գործընկերոջը շնորհավորել է նաև Հայաստանում իրականացված բարեփոխումների և պետական կառավարման նոր համակարգի անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում Հանրապետության Նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ: 

Հանդիպմանը հայ-հնդկական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգի հարցերից բացի, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահ Ռամ Նաթ Քովինդը վերահաստատել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու` իր երկրի դիրքորոշումը և ընդգծել, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am