Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

«Գոյնէն անդին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԿոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 8-ին բացվեց Ռուբէն Նաճարեանի մատիտանկար աշխատանքների ցուցահանդեսը, որում ընդգրկված են արվեստագետի 1990-2015 թվակաների ընթացքում արված գործերը: Նկարչի գծանկարները հիմնված են ռիթմի սկզբունքի վրա, որի շնորհիվ պատկերը դուրս է մղվում իր տարածական սահմանից:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Ռուբէն Նաճարեանի խոսքով, իր աշխատանքերը ճեպանկարներ չեն, այլ յուղաներկի մոտեցմամբ ստեղծված մատիտանկարներ են:

«Մոտեցումը տարբեր է: Նկարներս վերացական չեն, ես հիմնվում եմ նյութի, բնության վրա, սակայն աշխատանքի ընթացքում այդ պատկերի մասը վերանում է, և մնում է դրա հիշողությունը, փաստորեն ես գնում եմ դեպի վերացականություն»,- նշեց նա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փարիզում բնակվող արվեստագետի համար մեծ պատիվ է, որ իր մատիտանկարները ներկայացվում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում.

«Սա Հայաստանում իմ առաջին ցուցահանդեսն է: Աշխատանքներս ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա: Խորհրդանշական է, որ հենց Կոմիտասի անունը կրող այս կառույցում հայ արվեստասերները առաջին անգամ հնարավորություն կունենան ծանոթանալ իմ մատիտանկարներին»,- ընդգծեց նա:

 «Գոյնէն անդին» ցուցահանդեսի համադրող, թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի ղեկավար Նայիրի Խաչատուրեանը պատմում է, որ արվետսագետի հետ միասին են որոշել աշխատանքերը բաժանել 3 շրջանների: Նրա կարծիքով, Ռուբէն Նաճարեանը բացահայտում է սևի և սպիտակի, կորագծի և ուղղագծի խտության և նոսրության երագների բազմազանությունը:

«Ռուբէն Նաճարեանը փարիզաբնակ ժամանակակից կարևորագույն արվեստագետներից է: Նա արվեստի տարբեր միջոցներ է օգտագործել՝ խճանկար, երփնապակի, հետո անցել է ջրանկարներին, իսկ վերջին 30 տարիներին միայն մատիտով է աշխատում: Այս ցուցահանդեսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպելու առաջարկը մեր կողմից է արվել: Թանգարանը տարեկան երկու ժամանակավոր ցուցադրություններ է կազմակերպում, որոնցից մեկը ավելի ավանդական թեմայով: Ինչպես գիտեք, մենք այս տարի անցկացրինք «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին ազգային նվագարաններ, իսկ մյուս ցուցադրությանը սովորաբար ժամանակակից արվեստագետների են ներկայացնում, այս դեպքում Ռուբեն Նաճարեանին: Սա ունի իր հստակ բացատրությունը՝ Կոմիտասը զբաղվել է ավանդական երաժշտությամբ, բայց միևնույն ժամանակ նա նաև ժամամակակից կոմպոզիտոր է եղել, հետևաբար ժամանակակից արվեստը լիովին տեղ ունի մեր թանգարանում»,- ասաց Նայիրի Խաչատուրեանը:

«Գոյնէն անդին» ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

Ռուբէն Նաճարեանը ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Գեղարվեստական նախնական կրթությունը ստացել է Բեյրութում (ներքին դիզայն մասնագիտությամբ), ապա տեղափոխվել է Փարիզ՝ իր ուսումը շարունակելու։ Ռուբէնը մասնագիտացել է նկարչության և որմնանկարչության ճյուղերում։ Ունի նաև արվեստի պատմության վկայական։ Նա արժանացել է Henri Lehmann նկարչական մրցանակին Institut de France-ի կողմից: Տարիներ շարունակ ստեղծագործելով այս ոլորտներում՝ հեղինակել է բազմաթիվ աշխատանքներ Ֆրանսիայում, Պարսից ծոցի երկրներում, Սինգապուրում և Բրունեյում։ Իր ջրանկարներով, յուղանկարներով և գծանկարներով հանդես է եկել Եվրոպայի տարբեր քաղաքներում կայացած հավաքական և անհատական ցուցահանդեսներում։ 1990-ից ի վեր Ռուբէնը կենտրոնացել է մատիտանկար գծանկարների վրա:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այս ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև փետրվարի 9-ը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ