Տնտեսություն

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը» կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը

3 րոպեի ընթերցում

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը» կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին կայացած ասուլիսում այս մասին ասացին փառատոնի կազմակերպիչները:

«Փառատոնը լուծում է կարևորագույն խնդիր՝ հնարավորություն է տալիս գյուղացիներին իրենց աշխատանքի արդյունքը ցուցադրել: Այն երկխոսություն է ստեղծում բնակիչների և արտադրողների միջև»,-ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այսօր պետական քաղաքականությունը ուղղորդվում է երկու ուղղություններով՝ ներգրավել ներդրողներին և խթանել նաև կոմերցիոն գյուղատնտեսությունը: Եվ պետական օժանդակության գործիքները նպատակաուղղված են, մասնավորապես, փոքր և միջին տնտեսությունների օժանդակմանը:

«Արդեն 4-րդ տարին է, ինչ մեկնարկում է փառատոնը: Տարեցտարի մեծանում է դրա մասնակիցների աշխարհագրությունը: Եթե 2014-ին մասնակցում էր ընդամենը 50 ֆերմերային խումբ, ապա այս տարի թիվը 100-ից ավելի է: Այս փառատոնի շնորհիվ սպառողը հանդիպում է արտադրողին: Ստեղծվում են բավականին մեծ կապեր, գտնում են շուկաներ»,-ասաց «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանն ու հավելեց, որ փառատոնին կներկայացվի գյուղատնտեսական մթերքների լայն տեսականի, ինչպես նաև ձեռագործ իրեր:

«Մենք ուրախ են՝ աջակցելու այս փառատոնին: Ուրախ ենք ներկայացնելու օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում: Այն մեծ հնարավորություն է տեղացի արտադրողներին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը»,-ասաց Օրգանական գյուղատնտեսություն աջակցության նախաձեռնություն Դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջոցառումային զբոսաշրջության զարգացումը Երևանում: «Փառատոնը, տարեցտարի ընդլայնելով աշխարհագրությունը, իր ուրույն տեղն է ունենում զբոսաշրջության մեր օրացույցում: Փառատոնի շնորհիվ քաջալերում են գյուղացիների արտադրանքը»,-ասաց նա ու հավելեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվեն նաև մրցանակաբաշխություններ:

Նրա խոսքով՝ փառատոնն անցկացվում է հենց մայրաքաղաքում: Դրա շնորհիվ համաքաղաքացիներին մոտեցնում ենք գյուղական կյանքին: Փառատոնին սպասվում է 15000 այցելու:

Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 16-ին Անգլիական այգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում