ԵԱՀԿ-ն Հադրութի ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ)դաշտային օգնականներԳենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակիցՄարտին Շուստերը (Գերմանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: