Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Ճանապարհ Թրեյլ». Արցախը հանդես է գալիս արկածային տուրիզմի նոր հնարավորություններով

«Ճանապարհ Թրեյլ». Արցախը հանդես է գալիս արկածային տուրիզմի նոր 
հնարավորություններով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը հանդես է գալիս արկածային տուրիզմի նոր հնարավորություններով: Քայլարշավով հետաքրքրվողներին առաջարկվում է Արցախի ամբողջ երկայնքով ձգվող «Ճանապարհ Թրեյլ» կոչվող արահետը, որը Արցախի Ծար գյուղից մինչև Հադրութ ընկած տարածքում է՝ առանձնանում է իր արկածային պատմություններով, գեղեցիկ բնական տեսարաններով  ու զանազան ճարտարապետական հարուստ հուշարձաններով:

«Երթուղին հիմնականում գծանշված է Ստեփանակերտից հյուսիս ընկած արահետների վրա, սակայն պլանավորվում է իրականացնել «Ճանապարհ Թրեյլ» -ի ամբողջական գծանշում, կահավորում ու բարեկարգում, ինչը հնարավորություն կտա առավել ապահով և անվտանգ անցնել երթուղին: Քանի որ երթուղին բավական հանրաճանաչ է դարձել արկածային տուրիզմի սիրահարների շրջանում, նախագծի հեղինակներն արահետներն ավելացրել են տարբեր հավելվածների մեջ՝ ուղղորդումը դյուրացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:

Երթուղին ունիվերսալ է նրանով, որ կարելի է տարանջատել իրարից և անցնել այն մասը, որն առավել հետաքրքիր է ճանապարհորդի համար. լինի դա Շուշիից Հունոտի կիրճ, թե Ազոխից Գտչավանք ու Տող՝ մեկօրյա արշավի համար կամ ամբողջ երթուղին՝ երկշաբաթյա տևողությամբ:

Հատկանշական է, որ արահետը կարելի է անցնել տարվա ցանկացած եղանակին, նույնիսկ ձմռանը, համապատասխան հանդերձանքի առկայության դեպքում: Արդեն հետաքրքրվողներ կան, գործող արահետով քայլարշավ են կազմակերպում Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եկած զբոսաշրջիկները:

«Հարկ է նկատել, որ նախագծով ամեն փուլի ավարտ հասցվում է որևէ բնակավայրի մոտ, ինչը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկին շփվել տեղացիների հետ, ծանոթանալ բարքերին ու ավանդույթներին: Արցախի անտառապատ լեռներում կանաչ բացատների առկայությունը հրաշալի հնարավորություն է քեմփինգներ սիրող ճամփորդների համար: Քեմփինգ կարելի է կազմակերպել նաև տեղացիների ագարակներում կամ տնամերձ տարածքում»,-նշեց Արտակ Գրիգորյանը: Ի դեպ, 2015 թվականին երթուղին երկարացվել է մինչև Սևանի ավազան` Վարդենյաց լեռնանցքով, նպատակ ունենալով այն հասցնել մինչև Երևանի մատույցներ:

Արտակ Գրիգորյանի խոսքով, մերօրյա զբոսաշրջիկի հիմնական ակնկալիքը`որքան հնարավոր է մեծ տպավորություն ստանալ այս կամ այն զբոսաշրջային ուղղություն այցելելուց: Խոսքը ոչ միայն տարատեսակ զբոսաշրջավայրեր կամ հուշարձաններ այցելելու մասին է, այլ տարբեր հետաքրքիր զբաղմունքների ու փորձի, որոնց առնչվում է զբոսաշրջիկը այցելության ժամանակ: Նա ընդգծեց, որ Արցախում ևս նպաստավոր պայմաններ են ստեղծվում զբոսաշրջիկների այցը հետաքրքիր ու բազմաբնույթ դարձնելու համար:

«Լեռնային գծանշված արահետներով Արցախի հյուսիս - հարավ երթուղուց մինչև Արցախի հանրահայտ գինու երթուղիներով անցնելը կամ «Մուկլիմանդիլ» սրճարանում սալսայի դասընթացներից մինչև Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում ազգագրական պարերի բաց դասեր: Այս շարքը կարելի է երկար շարունակել»,-հավելեց Արտակ Գրիգորյանը՝ նշելով, որ տարեցտարի Արցախում զբոսաշրջային հնարավորություններն ընդլայնվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am