Մշակույթ

Երևանում բացվեց Ստելլա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց Ստելլա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ-նկարիչ Ստելլա Գրիգորյանի«Գույնի ֆենոմենը» խորագրով ցուցահանդես-ինստալյացիայի բացումը տեղի ունեցավ մայիսի 17-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում: Ներկայացված էին նկարչուհու գեղանկարչական աշխատանքները յուրահատուկ ձևաչափով:

«Ստելլայի նկարներում գերիշխում են կենդանիները, որոնք յուրահատուկ են ներկայացված: Գեղանկարների գույնը նկարչուհին վառ արտահայտում է տեղային ու ռելիեֆային, խորդուբորդ մակերեսով: Կտավներից շատերը նկարել է առանց վրձնի, մատներով, ինչը հատուկ է քանդակագործին: Ոճական առումով նրա գործերը մոտ են աութսայդերական արվեստին, որը շեշտը դնում է ոչ դասական արվեստի սկզբունքների վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արվեստաբան, Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Աննա Գալստյանը:

Նկարների կողքին կային էլեկտրական լամպեր և փայլաթղթեր, ինչը խորհրդավորություն էր հաղորդում ցուցադրված կտավներին:

Աննա Գալստյանի խոսքով՝ լամպերը և փայլաթղթերը հնարավորինս ընդլայնում են գույնի ֆենոմենը կտավներում:

Նկարչուհի Ստելլա Գրիգորյանն ասաց, որ ներկայացված նկարները հիմնականում ստեղծվել են 2015 և 2016 թվականներին: «Գեղանկարնես շատ են, սակայն այս ձևաչափով ներկայացնելու համար ավելի նպատակահարմար էր ցուցադրել փոքր չափերի գործերը: Այս ցուցահանդեսին խախտվել են ավանդական նկարչության բոլոր ձևերը»,-շեշտեց նա:

Նկարները ոչ թե պատից այլ լարից էին կախված, ինչը նոր մոտեցում է:

Ստելլան ընդգծեց, որ իր նկարներում շատ է օգտագործում փիրուզագույնը և իր համար ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ բնության հետ կապված ցանկացած բան: «Բնությունն ինձ շատ է ձգում: Դեռ առաջին կուրսում հասարակության որոշ շերտերից հեռանալու կարիք կար ու բնությանը մոտ գտնվելն ինձ անչափ գրավեց, դա է պատճառը, որ նկարներումս կենդանիներն ու բնապատկերները շատ են»,-ասաց Ստելլան:

Աշխատանքները ցուցադրված կլինեն մայիսի 17-ից մինչև մայիսի 24-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում