Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։

Համատեղ բեմադրության փորձին հետևել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ  Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն ունեն բալետային ներկայացմամբ հանդես գալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: 

««Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացմամբ, բացի գեղարվեստական և գեղագիտական արժեքի ստեղծումից, քոլեջի սաների համար նաև կրթական շղթայի և մասնագիտական գործունեության ապահովման մեծ հնարավորություն է ստեղծվում: Անչափ կարևոր է, որ քոլեջի սաները կրթական գործընթացին զուգահեռ տեսնեն նաև մասնագիտական աճի, առաջխաղացման հնարավորություններն ու հարթակները։ Դասական արվեստի ճանապարհը դյուրին չէ, և երեխաները վաղ տարիքից պետք է  հասկանան, թե իրենց ընտրած ուղին ուր կարող է տանել, և  ինչի կարող են հասնել: Պետական երկու կառույցների՝ Ա.  Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությունն այս առումով, իսկապես, շատ կարևոր է: Այս գործակցությամբ նշյալ կառույցները մասնակցում են պետության կողմից ամրագրված մշակույթի ռազմավարության իրացման գործընթացին: Նախագծի միջոցով հանրահռչակվում է նաև հայկական երաժշտությունը. տարիներ առաջ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման համար Ստեփան Լուսիկյանի հեղինակած այս հրաշալի ստեղծագործությունը նորից կհնչի բեմում:  Բեմադրության ընտրությունը պատահական չէ, քանի որ այն աշխատասիրության և համատեղ  աշխատանքի միջոցով բարիք ստեղծելու ուղերձներ է փոխանցում: Վստահ եմ, որ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը շատ կսիրվի ոչ միայն երեխաների և պատանիների, այլև մեծահասակների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դանիել Դանիելյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:  

Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ Դավիթ Գալստյանի խոսքով՝ այն ամբողջովին նոր ներկայացում է Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ. 

«Կարծում եմ՝ շատ գեղեցիկ մանկական բալետային ներկայացում է ստացվել, որը նոր շունչ է հաղորդելու մեր բալետային կյանքին և իր ուրույն տեղն է ունենալու Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում: Ներկայացման մեջ ընդգրկված են պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սաներ: Բեմադրել եմ 2 ոճով՝ ժամանակակից պար /մրջյուններ/ և բալետ /ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ/: Կարծում եմ՝ այս հակադրությունը հետաքրքրությամբ կընդունվի հանդիսատեսի կողմից: Բեմի ձևավորումը,  զգեստները,  3D անիմացիան մեզ և մեր փոքրիկներին տանելու են հեքիաթային աշխարհ»:

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ 2025 թվականի առաջնախաղն է. Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ այս բալետային ներկայացումը բեմադրվել է դեռևս 90-ական թվականներին՝ անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի կողմից:  30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ նորից բեմ է բարձրանում «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը:  

«Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետ է 2 գործողությամբ: Կոմպոզիտորը Ստեփան Լուսիկյանն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստակավոր արտիստ/, դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Ռաֆֆի Միքայէլեան, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ՝ Դավիթ Գալստյան, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստակավոր արտիստ/, զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում