Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա միջազգային փառատոններում

Տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա միջազգային փառատոններում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիկնիկային թատրոնը 2017 թվականին ներկայացումներով հանդես կգա ՀՀ մարզերում և կմասնակցի միջազգային մի շարք թատերական փառատոնների: Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Թատրոնը «Մշակութային կանգառ» նախագծի շրջանակում եղել է ՀՀ տարբեր մարզերում: Այն օրեր առաջ է վերադարձել Նոյեմբերյանից ու Բերդավանից: Ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում:

«Հայաստանի բոլոր բնակիչները, անկախ իրենց բնակության վայրից, պետք է մասնակից լինեն մշակութային կյանքին: Շուտով հյուրախաղերով հանդես կգանք  Լճաշեն գյուղում, Կապանում, Վայոց ձորի մարզում և Արցախում. բեմադրություններ կներկայացնենք նաև Արցախի զորամասերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաբայանը:

Նրա խոսքով` ապրիլի 12-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Բալթյան տուն» միջազգային թատերական փառատոնին կներկայանան տաղանդաշատ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Հովնան» բեմադրությամբ:

«Ապրիլի 30-ին Մոսկվայում կայանալիք «Քո հնարավորությունը» երիտասարդ ստեղծագործողների թատերական փառատոնում կխաղանք «The best of Shakespeare» գործը: Այնուհետև Պրահայում փոքրիկների համար հանդես կգանք «Մատնաչափիկը» բեմադրությամբ: Կլինենք նաև Իսպանիայում, Կիպրոսում, Կանադայում»,-ասաց նա:

Անդրադառնալով Տիկնիկային թատրոնի խաղացանկին՝ Բաբայանն ընդգծեց, որ ներկայացումների պրեմիերաներ են սպասվում: «Մարտի 23-ին տեղի կունենա Ն, Գոգոլի «Քիթը» ստեղծագործության հիման վրա արված ներկայացումը: Հեռանկարում են նաև Ղ. Աղայանի «Անահիտ»-ի բեմադրությունը և այլ բեմադրություններ»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 Ռուբեն Բաբայանը թատերական արվեստում կարևորում է անսահման երևակայությունն ու տաղանդը` շեշտելով, որ պարտադիր է նաև մասնագիտական կրթությունը:

«Թատրոնում ներգրավում ենք այն երիտասարդներին, ովքեր զգում են այսօրվա ժամանակը և չեն դոփում տեղում: Նշեմ, որ իմ ուսանողների դիպլոմային որոշ աշխատանքներ ընդգրկվել են նաև մեր խաղացանկում»,-ասաց նա:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը: 1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am