Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարան

Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում Գրադարանավարի օրվա միջոցառումների շրջանակում կբացվի Գրատպության թանգարան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Թանգարանում ներկայացվելու է հայկական գրատպության պատմությունը: Ներկայացվելու է, թե 1512 թվականից  սկսած գրատպության ինչ կենտրոններ են եղել գաղթօջախներում, ինչ նշանակալի գրքեր են տպագրվել: Առանձին բաժին է հատկացված հայ վաճառականներին, ներկայացվելու է, թե նրանք ինչ դեր են ունեցել գրատպության գործում, ինչպես են աջակցել, ֆինանսավորել, տարածել գիրքը: Դրանից բացի՝ նաև ինչպես են իրենք մասնակցել այդ գրքերի թարգմանությանը, որովհետև այդ ժամանակ վաճառականները տիրապետել են օտար լեզուների: Թանգարանում ինտերակտիվ տարբերակով ներկայացվելու են գրատպության տեխնոլոգիաները»,-ասաց Տիգրան Զարգարյանը: Գրատպության թանգարանում ներկայացվելու է նաև Հայաստանի անկախության տարիների գրահրատարակչական ոլորտը:

Գրադարանավարի օրվա միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 7-ին Ազգային գրադարանի մամուլի ընթերցասրահում կբացվի Ակսել Բակունցի կիսանդրին, որի հեղինակը ճանաչված քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է:

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: Ամեն տարի այդ օրը հանրապետության գրադարաններն անցկացնում են տարբեր միջոցառումներ: Հայաստանի ազգային գրադարանն ունի 370 գրադարանավար, 27 հազար ընթերցող: Օրական գրադարանն ունենում է 500-600 այցելու:  Տիգրան Զարգարյանի խոսքով, ընթերցողների թվի ավելացմանը նպաստեց այն, որ գրադարանի տոմսը դարձել է անվճար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am