Հասարակական

Ռադիոյի միջազգային օրը պաշտոնապես բացվեց Հանրային ռադիոյի վերակառուցված պուրակը

2 րոպեի ընթերցում

Ռադիոյի միջազգային օրը պաշտոնապես բացվեց Հանրային ռադիոյի վերակառուցված պուրակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռադիոյի միջազգային օրը` մայիսի 7-ին, պաշտոնապես բացվեց Հանրային ռադիոյի վերակառուցված պուրակը: «Արմենպրես» -ի փոխանցմամբ` Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ պուրակի բացմամբ տրվում է Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

«Այս պուրակը մեր քաղաքի կենտրոնի անբաժանելի մասն է: Պետք է շնորհակալություն հայտնեմ այն մարմիններին, կառույցներին, անձանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այսօրվա տոնը: Ռադիոյի անունից մեր խորին շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին` ի դեմս Տարոն Մարգարյանի, ով մեծ աջակցություն ցուցաբերեց մեզ»,-նշեց նա:

Հյուրերի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց պուրակում տեղադրված խորհրդանշական ցայտաղբյուրը` նվիրված Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին: Հյուրերից շատերը մասնակցեցին ծառատունկին: Անվանի գործիչները, ռադիոյի աշխատակիցները պուրակում տնկեցին անվանական ծառեր:

Արման Սաղաթելյանի խոսքով` Հանրային ռադիոն առաջին անգամ խոսեց 1926 թվականի սեպտեմբերի 1-ին:

«Ուստի և Հանրային ռադիոյի 90-ամյակը շուքով նշելու ենք սեպտեմբերի 1-ին: Բացվելու պարկի արահետը, որի շինարարությունը գրեթե ավարտված է: Բացվելու է նաև հեռուստատեսության 60 և ռադիոյի 90-ամյակին նվիրված հուշարձան»,-նշեց նա: Հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանի խոսքով`ռադիոն կա և միշտ կլինի:

«Նոր տեխնոլոգիաները կգան ու կանցնեն, բայց ռադիոն մշտապես իր նշանակալի դերը կունենա հասարակության շրջանում: Այն միշտ մեր կողքին կլինի աշխարհի բոլոր ծայրերում: Ռադիոն ժամանակին համահունչ պետք է շարժվի: Անհրաժեշտ է սերնդափոխություն, նոր շունչ` իրականացվող գործին: Ցանկալի է, որ նոր սերնդի ներկայացուցիչները, ովքեր պետք է գան և աշխատեն ռադիոյում, նորամուծություն բերելուց բացի, պահպանեն նաև եղած ավանդույթները: Ամենակարևորը` Հանրային ռադիոյում պահպանվի հայեցի ավանդույթը »,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում