Հասարակական

Բյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը

3 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների շրջանակում աստղադիտարանում, Համբարձումյանի աշխատասենյակում և տուն-թանգարանում հատուկ լրագրողների համար անցկացվեց ճանաչողական էքսկուրսիա:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած գիտական հիմնարկ պետք է շփման մեջ լինի հասարակության հետ, այլապես այն կդառնա անպիտան: Այդ առումով՝ աստղագիտությունը բավականին շահեկան վիճակում է: «Բյուրականը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը, հետևաբար մենք պարտավոր ենք զարգացնել և ապահովել դրա բարեկարգ վիճակը: Աստղադիտարանն այն քիչ գիտական հիմնարկներից է,որ կառավարության որոշմամբ ստացել է Ազգային արժեքի կարգավիճակ »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԲԱ տնօրենը: Բյուրականի աստղագիտարանը հետաքրքրում է տարբեր տարիքի և ազգերի ներկայացուցիչներին, այդ իսկ պատճառով աստղադիտարանը պետք է ներկայանալի տեսք ունենա:

Վերջին 3 տարիների ընթացքում կատարվել են գիտական ենթակառուցվածքի էական փոփոխություններ, ինչպես նաև բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը: Նաև թարմացվել է տարածաշրջանում խոշորագույն դիտակը և հաջողվել է վերականգնել համագործակցությունը «Ռոսկոսմոս» գործակալության հետ, որն իրականացնում է մշտադիտումներ:

Բյուրականի աստղադիտարանիփոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածուԱրեգ Միքայելյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի հարևան երկրները մեծ ներդրումներ են անում գիտության ոլորտում զարգացում ապահովելու համար. Հայաստանը ևս պետք է շարժվի նույն ոգով, որպեսզի հետ չմնա: «Եթե մենք ուզում ենք ունենալ հզոր պետություն, ապա պետք է լրջորեն մոտենանք գիտությանը: Բոլոր հզոր պետություններում գիտական ոլորտին տրվում է առաջնահերթ նշանակություն»,- ընդգծեց ԲԱ փոխտնօրենը: Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ Հայաստանում աստղագիտությունը միանգամայն զարգացած է. եթե թվարկենք աստղագիտության ոլորտում աշխարհի ամենաառաջատար երկրները, դրանցից անմիջապես հետո կնշենք Հայաստանը: Բայց կա շարունակաբար հետ մնալու բացասական միտում: Առանց ներդրումների, միայն մարդկանց էնտուզիազմով հնարավոր չէ որևէ բան զարգացնել:

Միջոցառումների շրջանակում սեպտեմբերին տեղի կունենա գիտաժողով, հանդիսավոր նիստ ԳԱԱ-ում, միջազգային ամառային դպրոց, հանդիպումների շարք Հայաստանի տարբեր ստեղծագործական միությունների ու կառույցների հետ, նաև կլինեն հյուրեր արտասահմանից:

Աստղադիտարանը ԶԼՄ-ների համար այս տարի սահմանում է երեք մրցանակ՝ գիտական ոլորտում լավագույն տպագիր կամ առցանց նյութի, լավագույն հեռուստա-ռադիո ռեպորտաժի և տարվա կտրվածքով լավագույն նյութի համար:

Այնուհետև Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի աշխատակիցը Աստղիկ Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց գիտնականի տունը, որտեղ վերջինս ապրել է 1950-96թթ.:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում