ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած Է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի անդամներից, հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու Է առաջադրել երկրի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Ակնկալվում է, որ նա կփոխարինի դեկտեմբերի 23-ին հրաժարական տված կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիին:
Կվիրիկաշվիլիի առաջադրումը տեղի Է ունեցել խորհրդարանական մեծամասնության դեկտեմբերի 25-ի նիստում:
Գեորգի Կվիրիկաշվիլին 48 տարեկան է: Նա բարձրագույն կրթություն է ստացել Թբիլիսիում եւ ԱՄՆ-ում, 1999-2004 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, այնուհետեւ բարձր պաշտոններ է զբաղեցրել երկրի մասնավոր ֆինանսական ու բանկային կառույցներում: 2012 թվականի հոկտեմբերի 25-ից նա զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, 2013 թվականի հուլիսից միաժամանակ փոխվարչապետ էր: 2015 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակվել է ԱԳ նախարարության ղեկավար՝ պահպանելով փոխվարչապետի պաշտոնը: