Տարածաշրջանային

Ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով փակվել են խանութներ, բանկերը սահմանափակել են գործարնքները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով փակվել են խանութներ, բանկերը սահմանափակել են գործարնքները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական արժույթի՝ մանաթի լողացող արժույթի անցումը և դրա հետևանքով մանաթի դեվալվացիայի պատճառով երկրի տնտեսությունն աստիճանաբար կաթվածահար է լինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, երկրի խոշորագույն էլեկտրոնիկայի խանութների ցանցերը փակվել են:

Աշխատակիցները նշել են, որ դա պայմանավորված է ապրանքները վերագնահատելու անհրաժեշտությամբ: Հաղորդվում է, որ որոշ խանութներում ապրանքների գները զգալիորեն արդեն աճել են:

Որոշ վայրերում ժամանակավորապես դադարեցվել է մեծածախ առևտուրը:

Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց՝ Trend-ը, գրում է, որ ադրբեջանական բանկերը սահմանափակել են բանկային գործարքները: Մասնակավորապես, խոսքը դրամական փոխանցումների մասին է:

Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրական սալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասական ազդակներով պայմանավորված, այդ թվում և նավթի գնի անկումը, անհրաժեշտություն են առաջացրել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նոր գներին: «Հաշվի առնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամկետ բնույթը և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգային տնտեսության միջազգային մրցունակությունը՝ դեկտեմբերի 21-ից անցում է կատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի»,- հայտնել է Կենտրոնական բանկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում