Հասարակական

Տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենն ու դաստիարակն արժանացան պարգևների

2 րոպեի ընթերցում

Տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենն ու դաստիարակն արժանացան պարգևների

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցանակների դափնեկիրների անունները հայտնի են: Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրն անցկացված տոնական հանդիսության արդյունքում պարզ դարձավ, որ տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանը: Տարվա լավագույն դաստիարակն է Արմինե Մնացականյանը` Երևանի 47 մանկապարտեզից: Տարվա լավագույն տնօրեն էլ ճանաչվեց Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը:

«Մենք մեծապես կարևորում ենք ձեր աշխատանքը, դուք դժվարին գործի նվիրյալներ եք: Ուսուցիչը հոգևոր և բարոյական արժեքների լավագույն տարածողն ու կրողն է: Իմ հիշողություններում ես պահպանում եմ ուսուցիչներիս կերպարները: Ուսուցիչը մեր պետության ուշադրության կենտրոնում է. ձեզ է վստահված սերունդ կրթելու կարևոր և պատասխանատու գործը: Ձեր հաջողություններն ակնհայտ են, մեր այսօրվա զինվորները, գիտնականները ձեր սաներն են, ովքեր շենացնում են մեր անկախ պետությունը: Մենք չենք մոռանա ձեր ազգանվեր աշխատանքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարգևատրման արարղությունից հետո նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը ուսուցիչներին քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ մաղթեց իրենց հայրենանվեր գործում: «Մեր ապագան մեր կրթված երիտասարդներն են: Այստեղ է մեր հաջողության գրավականը, և մեր Սփյուռք-Արցախ-Հայրենիք եռամիասնության մեջ»,- հավելեց նա:

ՀՀ կառավարության կողմից լավագույն դաստիարակն ու մանկավարժն արժանացան մեքենաների, իսկ տնօրենը համակարգիչ ստացավ: Արարողության ընթացքում հատուկ պարգևների արժանացան նաև այլ մանկավարժներ: Պարգևատրման արարողությունից հետո անցկացվեց տոնական հանդիսություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում