Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Սերժ Թանկյանի կիթառի վաճառքից ստացված հասույթը կուղղվի վանաձորաբնակ կարիքավորներին


ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի Wake Up the Souls շրջագայության, ինչպես նաև Երեւանում ապրիլի 23-ին տեղի ունեցած համերգի ժամանակ, նոյեմբերի 8-ին աճուրդի կհանվի Լոս Անջելեսում կայանալիք «Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-ճաշկերույթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրրան» ՀԿ-ից, System of a Down ռոք խումբը օգնում է կարիքավոր երեխաներին և տարեցներին Վանաձորում: Խմբի անդամները SOAD գրությամբ վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են «Օրրան»-ին` օժանդակելով վերջինիս` իրականացնելու համար ոչ բարվոք կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին և 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը:

Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն էր: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակեց «Օրրան»-ի համար:

«Մենք անչափ երջանիկ ենք SOAD-ի աջակցության և օգնության համար: Սերժ և Անժելա Թանկյանները երկու տարի առաջ իրենց կատարած անձնական նվիրատվության շնորհիվ մեզ ոգևորեցին Վանաձորի «Օրրան»-ում հիմնել տաք սննդի խոհանոց` տարեցների համար: Ես ուրախ եմ, որ խմբի մյուս անդամները նույնպես մեզ միացան: Իսկապես հիանալի է, որ խումբը լայնորեն տարածում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ամբողջ աշխարհում և, միաժամանակ, նաև օգնում է կարիքավորներին հայրենիքում»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը, ով իր ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հիմնել է «Օրրան»-ը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ