Ռուսական «Արգումենտի Նեդելի»-ն ընդարձակ հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության տարելիցին

2 րոպեի ընթերցում

Ռուսական «Արգումենտի Նեդելի»-ն ընդարձակ հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության տարելիցին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման ժամանակ առ ժամանակ արծարծվում է Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Մոսկվայում 600 հազար տպաքանակով լույս տեսնող «Արգումենտի Նեդելի» շաբաթաթերթը, (տարածվում է ամբողջ երկրում) երկու էջի վրա տպագրել է գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Դալիկինի «Այն, ինչի մասին հիշում է յուրաքանչյուր հայ» ընդարձակ հոդվածը:

Թերթը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած պատմական փաստերը, ընթերցողներին հանգամանորեն ներկայացնում է 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իշխանությունների արյունալի ոճիրը, որի զոհը դարձան ավելի քան մեկուկես միլիոն հայ:

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի ղեկավարությունը մեկ դար շարունակ ցինիկաբար կրկնում է, թե Առաջին աշխարհամարտի արդյունքում զոհվել են ոչ միայն հայեր, այլև թուրքեր: Այս պնդումները հերքվում են 1895-1896 թվականերին ծրագրված կոտորածներով և Ադանայում 30 հազար հայերի սպանդով, որոնք, ըստ էության, ռազմաճակատի զոհեր չէին:

Ապավինելով իր դաշնակից Գերմանիայի ռազմական ուժին` երիտթուրքերի կառավարությունը որոշեց իսպառ ոչնչացնել հայերին ոչ միայն Արևմտյան, այլ նաև Արևելյան Հայաստանի տարածքներում:

Դալիկինն անդրադարձել է նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի ողբերգությանը, Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ ադրբեջանցիների սանձազերծած կոտորածներին: Հոդվածում զգալի տեղ է հատկացված Երևանում գործող Ցեղասպանության թանգարանին և մեկ առ մեկ թվարկված են Ցեղասպանության 100-րդ տարելիցի այն միջոցառումները, որոնք տեղի են ունենալու ապրիլի 23-24-ը Հայաստանում:

Յուրի Կարապետյան

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում