Սփյուռք

Քարդիֆում և Լոնդոնում կայացել են Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ

5 րոպեի ընթերցում

Քարդիֆում և Լոնդոնում կայացել են Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիան (KCCA)՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան և Ուելսի Հայ համայնքային կենտրոնի հովանու ներքո հունիսի 8-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրել է լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառման հեղինակն ու ղեկավարն է եղել KCCA-ի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահը։

04.JPG (1.17 MB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին KCCA-ից, երաժիշտները և հանդիսատեսների մի խումբ Լոնդոնից այցելել են Ուելսի Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի այգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Քարդիֆում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ:

Ուելսի Հայ համայնքային կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը ներկայացրել է հիշատակի խաչքարը կանգնեցնելու պատմությունը, որը նրա նախաձեռնությամբ տեղադրվել է Խաղաղության տաճարի պարտեզում 2007 թվականին՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

06.JPG (1.51 MB)

«Անուհետև Լոնդոնից ժամանած այցելուների խումբը զբոսնեց քաղաքի կենտրոնում՝ այցելելով Քարդիֆի ամրոցը, Ուելսի Թագավորական երաժշտական ակադեմիան և մի շարք այլ պատմամշակութային վայրեր:

Սուրբ Գերմանի եկեղեցու սրահում տեղի ունեցավ ընդունելություն-հյուրասիրություն և ցուցահանդես, որին հաջորդեց համերգ պատմական Սուրբ Գերման եկեղեցում:

Ցուցահանդեսում ներկայացված էին 18-ից 19-րդ դարի Օսմանյան կայսրության տարածքում հայ ոսկերիչների ձեռքով պատրաստված արծաթյա զարդեր, արվեստի յուրահատուկ նմուշներ։ Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Կոմիտասի ձեռագրերի, ձայնագրությունների և գրքերի, նոտաների ու խազերի բացառիկ ցուցահանդեսը։ Կարճ դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարչուհի Մարիամ Թորոսյանը՝ որը բնակվում և ստեղծագործում է Քարդիֆում։

29.JPG (1.59 MB)

Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Սիփան Օլահը ՝ դիրիժոր/տենոր/դաշնամուր, համերգի ղեկավար, Եվգենյա Տերենտիևան՝ դաշնամուր, Հայարփի Եղիկյանը՝ սոպրանո, Նարինե Մալխասյանը՝ սոպրանո, Էլվիրա Մարգարյանը՝ սոպրանո, Հելեն Ռոթշելը՝ մեցցո-սոպրանո, Հակոբ Ջեք Մուրադյանը – հոբոյ, հանդես եկան սոլո կատարումներով։ Համերգին իրենց մասնակցությունը բերեցին նաև Քլինգեն երգչախմբը և վոկալ անսամբլը։ Եվս մեկ հիանալի նախաձեռնություն իրականություն դարձավ՝ հայ երաժշտական ժառանգության մեծագույն գիտակի, նրա անմահության մաքրագործված և հղկված պատառիկները փրկողի, պարզապես հանճարեղ կոմպոզիտորի՝ Կոմիտասի անմահ երաժշտական ​​ժառանգությունը մեկ համերգում ներկայացնելու։

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ ունեցավ Կոմիտասի և նրա թողած թանկագին մշակութային ժառանգության մասին։ Նա կարևորեց Ուելսի հասարակության և հայ ժողովրդի միջև ամուր կապը, համագործակցությունն ու բարեկամությունը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Քլինգեն Երգչախմբին և Մշակութային ասոցիացիային՝ գլխավորությամբ մաեստրո Սիփան Օլահի և Ուելսի Հայ համայնքային կենտրոնի՝ մեծն Կոմիտասի երաժշտության պրոֆեսիոնալ ներկայացման և ավելի քան 22 ստեղծագործությունների կատարումների համար։

02 London.jpg (1.13 MB)

Ուելսի Հայ Համայնքային Կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը հոբելյանական այս բացառիկ միջոցառման համար հատուկ Կոմիտասի անվան շքանշան-մեդալներ հանձնեց մաեստրո Սիփան Օլահին և Նորին Գերազանցություն դեսպան Վարուժան Ներսեսյանին։ Ջոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց KCCA-ին հայ երաժշտությունն ու արվեստը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում ներկայացնելու և հանրահռչակելու շարունակական և նվիրված աշխատանքի համար։

Ուրախ ենք նշել, որ միջոցառման հյուրեր էին Սթիվեն Թոմասը, Հայր Նիկոլասը և լեյբորիստ պատգամավոր Սթիվեն Դաութին, ինչպես նաև հայ և ուելսցի երաժշտասեր հանդիսատեսը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

03.JPG (1.44 MB)

Ըստ աղբյուրի՝ միջոցառումները փայլուն հնարավորություն էին առաջին անգամ ականատես լինելու Ուելսում Կոմիտասին նվիրված մեծամասշտաբ համերգ-ցուցահանդեսի ։

Նշվում է, որ մայիսի 18-ին Կոմիտասին նվիրված նույն համերգ-ցուցահանդես տեղի է ունեցել Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում, որը KCCA-ի հերթական անմոռանալի միջոցառումներից էր՝ համագործակցությամբ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սուրբ Սարգիս եկեղեցու։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում