1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ինդիրա Գանդի, Մայր Թերեզա. 20-21-րդ դարերի ամենաազդեցիկ կանանց այցը Հայաստան

Ինդիրա Գանդի, Մայր Թերեզա. 20-21-րդ դարերի ամենաազդեցիկ կանանց 
այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ես տեսա շատ մեծ հոգատարություն և մարդկանց նկատմամբ սրտագին վերաբերմունք: Այսպիսին է եղել գթության միաբանության մայրապետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզայի (Ագնես Գոնջա Բոյաջիու) տպավորությունը մեր երկրի մասին Հայաստան կատարած այցից հետո: Կանանց միջազգային տոնի առթիվ «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր արխիվներից հանել է 20-21-րդ դարերի աշխարհի 4 ամենաազդեցիկ կանանց` Հայաստան կատարած այցի մասին պատմող լուսանկարները:

Ինդիրա Գանդի


1976 թվականի հունիսի 11-ին Մոսկվայից Երևան ժամանեց Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ինդիրա Գանդին: Ժամը 8:30 րոպեին նրա օդանավը վայրէջք կատարեց «Արևմտյան» օդանավակայանում, ուր ինքնաթիռի սանդուղքի մոտ պատմության մեջ ամենից երկար կառավարած կին վարչապետին դիմավորեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը:

Ինդիրա Գանդիի առաջին այցը եղավ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ուր հյուրին ծանոթացրին Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական ու մշակութային կապերին նվիրված ձեռագիր և տպագիր նյութերից կազմված ցուցադրությանը` Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը», «Անուանք քաղաք հնդկաց» 12-րդ դարի աշխատությունը և այլն: Շրջագայելով Երևանումˋ նա  դիտել է քաղաքի ճարտարապետական անսամբլները, նորակառույց թաղամասերը: Իսկ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում Հնդկաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը պատվավոր այցելուների մատյանում հետևյալ գրառումն է կատարել. «Ես հիացած եմ հայ ինժեներների, կոնստրուկտորների և գիտնականների աշխատանքով: Դա հանրապետության  ինդուստրիայի և գիտության ինտենսիվ առաջընթացի փայլուն վկայություն է»: Հնդկաստանի կառավարության ղեկավարը եղել է Էջմիածնում, այցելել Մայր Տաճար և Հռիփսիմեի վանք:

Հունիսի 13-ին մայրաքաղաքի տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոցներ` ճանապարհելու  Հնդկաստանի վարչապետին: «Տեղական ժամանակով ժամը 9:30 րոպեին արծաթավուն ինքնաթիռն օդ է բարձրանում և ուղղություն վերցնում դեպի Թբիլիսի»,- «Արևմտյան» օդանավակայանից հայտնել է «Արմենպրես»-ի թղթակիցը: Օրվա երկրորդ կեսին Գանդին Թբիլիսիից մեկնեց հայրենիք: Փաստը, որ Սովետական Միություն կատարած հինգօրյա այցելության ուղիղ կեսը Հնդկաստանի Հանրապետության վարչապետը եղել է Հայաստանում, վկայում է դեռևս այն ժամանակ հայ-հնդկական հարաբերությունների կարևորության և բարեկամության մասին:

Մայր Թերեզա


Իմանալով Հայաստանում եղած աղետալի երկրաշարժի մասին` Մայր Թերեզան դեկտեմբերի 18-ին ժամանեց Հայաստան: «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը եղել է երկրաշարժից ավերված Գյումրիում, այցելել է Երևանի 3-րդ մանկական և հանրապետական հիվանդանոցներ: «Մենք եղանք Հայաստանի այն վայրերում, որտեղ ահավոր ավերածություններ են տեղի ունեցել: Մենք ցնցված ենք աղետի չափերից և շատ ենք ցավում դրա համար»,- «Արմենպրես»-ի թղթակցին ասել է գթության միաբանության մայրապետը:

«Հայաստանում ես տեսա շատ մեծ հոգատարություն և մարդկանց նկատմամբ սրտագին վերաբերմունք: Ես շուտով այստեղ կվերադառնամ իմ միանձնուհիների հետ տուժածներին օգնելու համար»,-ավելացրել է նա:

Դեկտեմբերի 20-ին` մեկնումից առաջ, Մայր Թերեզան այցելել է Էջմիածին և հանդիպել Վազգեն Ա Ամենայն հայոց կաթոիկոսի հետ: Հադիպում, որից հետո գթության մայրը պիտի ասեր, որ մեր ժողովուրդը բախտավոր է, որ նման կաթողիկոս ունի:

Մարգարետ Թետչեր


Մեծ Բրիտանիայի միակ կին վարչապետ Մարգարետ Թետչերը 1990 թվականի հունիսին Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցն է կատարել Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի):  Գյումրիի օդանավակայանում «երկաթե տիկնոջը» դիմավորել են Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Վ. Ս. Մարգարյանցը, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ա. Ա. Մկրտչյանը:

«Երեխաները ծաղիկներ նվիրեցին մեծարգո հյուրին, ազգային տարազներով աղջիկներն աղ ու հաց մատուցեցին նրան: Այնուհետև Մարգարետ Թետչերը, հայկական ԽՍՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական այլ անձինք ավոտմեքենաներ են նստում: Շարասյունն ուղղություն է վերցնում դեպի քաղաք»,- այն ժամանակ գրել է «Արմենպրես»-ը:

Գյումրիում Թետչերը մասնակցել է Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը բրիտանական կողմը կառուցել և նվիրել էր 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին:

Հիլարի Քլինթոն


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով եղել է նաև ԱՄՆ առաջին կին սենատորը, Հայաստան այցելել է երկու անգամ: Առաջին այցը եղել է Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակումˋ 2010 թվականի հունիսի 4-ինˋ ԱՄՆ-ի Անկախության օրը: Երևանում ԱՄՆ նախկին պետքարտուղարը հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են  Հելսինկյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման հարցեր: Փորձագետների գնահատմամբˋ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այս այցը Հայաստան ցույց է տալիս ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ: Քլինթոնը նաև ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, առաջին պետքարտուղարը, ով այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա երկրորդˋ 2012թ. հունիսի այցի ժամանակ, Հայաստանը կովկասյան առաջին երկիրն էր Քլինթոնի ուղևորության ցանկում, որից հետո ԱՄՆ պետքարտուղարը մեկնեց Վրաստան, ապա` Ադրբեջան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]