Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Գրանդ հոլդինգի» նպատակն է դառնալ Հայաստանի առաջին վերազգային կորպորացիան

«Գրանդ հոլդինգի» նպատակն է դառնալ Հայաստանի առաջին վերազգային 
կորպորացիան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ հոլդինգը» դարձել է Հայաստանի պատրաստի արտադրանքի ամենախոշոր արտահանողը և ցանկություն ունի դառնալու նաև առաջին վերազգային ընկերությունը: Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները ներկայացրեցին ընկերությունների ձեռքբերումները և ամփոփեցին 2014 թվականի արդյունքները: «Մենք շարունակում ենք Հրանտ Վարդանյանի գործն այնպես, ինչպես ինքը կցանկանար, իսկ թե ինչպես է մեզ մոտ ստացվում, ցույց են տալիս թվերը: 2014 թվականին արտահանման ոլորտում «Գրանդ հոլդինգը» դարձավ Հայաստանի պատրաստի արտադրանքի ամենախոշոր արտահանողը: Միայն անցյալ տարի «Գրանդ քենդի» ընկերությունը արտահանել է 1370 տոննա հրուշկեղեն և քաղցրավենիք` մեկ տարվա ընթացքում գրանցելով 65 տոկոս աճ»,- ասաց «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանը:

Միքայել Վարդանյանն էլ ընդգծեց, որ պատրաստ են պատվով կատարելու Հրանտ Վարդանյանից իրենց ժառանգած գործը և փոխանցելու իրենց սերունդներին: «Մեր նպատակն է  ընկերությունները դարձնել վերազգային, քանի որ մինչ օրս Հայաստանում չենք ունեցել վերազգային ընկերություններ: Ցանկանում ենք ստեղծել բարձր աշխատավարձով աշխատատեղեր և ներկայացված լինել աշխարհի շատ երկրենրում: Հրանտ Վարդանյանի ցանկությունն էր առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ վերազգային կորպորացիա ստեղծելը»,- ասաց նա: Վարդանյանը նշեց, որ վերազգային դառնալու համար Հայաստանը փոքր երկիր է, սակայն ցանկությունը և աշխատասիրությունը մեծ է: «Ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում կարելի էր զարգացնել ծխախոտագործությունը, սակայն կբերեմ մի օրինակ, որը ցույց կտա հակառակը: Աշխարհում նախորդ տարի 5.6 տոկոսով նվազել է սիգարետի արտադրության ծավալը, իսկ մեզ մոտ մեծ աճ է գրանցվել, և աշխարհի այն եզակի երկրներից ենք, որ մեծ աճ ունենք»,- հավելեց նա:

«Գրանդ հոլդինգը» Հայաստանի ամենամեծ կորպորացիան է, որն իր մեջ ներառում է արտադրության տարբեր ոլորտներ: Հոլդինգի մաս կազմող «Գրանդ քենդի», «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերություններում այսօր աշխատում են ավելի քան 7000 անձինք, և նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Ընկերությունն առաջին հարկատուն է Հայաստանի արտադրողների շարքում: Միայն 2014 թվականին այն պետական բյուջե է վճարել 25 մլրդ 84 մլն դրամի հարկ` 18 տոկոսով ավելի 2013 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am