Մշակույթ

Հայաստանը կարող է դառնալ «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է դառնալ «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է դառնալ Եվրախորհրդի ներքո գործող համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Եվրիմաժ»-ին Հայաստանի անդամակցության հարցը վաղուց էր քննարկվում, սակայն գալիք հունվարին հարցը կարող է իրատեսական դառնալ:

«Հունվարի 1-ից մենք, ամենայն հավանականությամբ, կդառնանք «Եվրիմաժ»-ի անդամ: Միջազգային կապերը բավականին լայն են և ամուր: Մեր եղած բյուջեն չի բավականացնի անգամ մեկ ֆիլմի ստեղծման համար, բայց տեսեք, թե ինչքան ֆիլմեր ենք նկարահանում: Դա մեր կապերի շնորհիվ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գևորգ Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով՝ եթե «Եվրիմաժ»-ին լավ նախագիծ ներկայացվի, ապա այն անպայման ֆինանսավորում կստանա: «Եվրիմաժ»-ի անդամները որոշակի վարձ են վճարում: Մեզ համար վարձը 110 հազար եվրո է, բայց կան երկրներ, որոնք տասնյակ միլիոններ են ներդնում: Վրաստանն արդեն մեկ տարի «Եվրիմաժ»-ի անդամ է, և իրենք իրենց մուծած գումարից երեք անգամ շատ են ստացել: Ստացած գումարի չափը կախված չէ վճարված գումարից: Եթե լավ նախագծեր ունես, լայն հնարավորություններ ունես համատեղ ֆինանսավորում ստանալու համար: Մենք այսօր մեծ դժվարությամբ ենք կարողանում համատեղ արտադրության ֆիլմեր ստեղծել, որովհետև մեզ առաջին հերթին հարցնում են՝ «Եվրիմաժ»-ի անդա՞մ եք»,-հավելեց ՀԱԿ տնօրենը:

Եվրախորհրդի ներքո գործող համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամը գործում է 1988 թվականից և ունի 33 անդամ երկիր:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում