Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն Սենատում նախանշել է իր գերակայությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն Սենատում նախանշել է իր գերակայությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը հանձն է առել այդ պաշտոնում հաստատվելու դեպքում ավելացնել իր նախորդների հաջողությունները և շարունակել Օբամայի վարչակազմի հանձնառությունը իրականացնելու Հայաստանի հետ կապված ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է սեպտեմբերի 17-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Հայաստանում տարվող մեր քաղաքականության նպատակը պարզ է` օգնել ստեղծել ազատ և բարգավաճ Հայաստան, որը խաղաղ հարաբերությունների մեջ կլինի իր հարևանների հետ: Այս նպատակների իրականացումը կօգնի Հայաստանին ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը երկրում, ազատականացնել տնտեսությունը, ընդլայնել առևտուրը, գրավել բազմաբնույթ արտաքին ներդրողների, ինչպես նաև լուծել Լեռնային Ղարբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հաշտվել հարևան Թուրքիայի հետ: Ես հաստատում եմ, որ սրանք լինելու են իմ գերակայությունները»,- ասել է Միլզը:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարության սեպտեմբերի 3-ի որոշումը` միանալու Մաքսային միությանը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը նվազեցնելու անհրաժեշտությունը, ինչը պաշտոնական Երևանին ավելի մեծ հնարավորություն կտա տնտեսական և անվտանգության կապեր կառուցելու մեծ թվով գործընկերնռրի հետ, այդ թվում` Ռուսաստանի, անմիջական հարևանների, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ:

Ըստ Միլզի` ներկայումս հատկապես կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, քանզի 2015 թվականին «Միացյալ Նահանգները և աշխարհը համերաշխությամբ կկանգնի հայ ժողովրդի կողքին` ոգեկոչելու 20-րդ դարի վատագույն ոճրագործություններից մեկի հայրուրերորդ տարելիցը, որի ժամանակ 1.5 միլիոն հայ է կոտորվել»:

«Այս ողբերգական իրադարձությունների տարելիցի նախաշեմին կարևոր է, որ Թուրքիան և Հայաստանը միասին հասնեն փաստերի լիակատար, ազնիվ և արդարացի ճանաչմանը, որպեսզի երկու ազգերն էլ կարողանան ստանձնել խաղաղ, արդյունավետ և բարգավաճ հարաբերություններ»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում