Պաշտոնական

«Բաց դաս»-ի շրջանակում ԱԺ են այցելել Երևանի ակադեմիական ավագ դպրոցի աշակերտները

2 րոպեի ընթերցում

«Բաց դաս»-ի շրջանակում ԱԺ են այցելել Երևանի ակադեմիական ավագ դպրոցի աշակերտները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով են այցելել Երևանի ակադեմիական ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բաց դասը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով երեխաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման ընթացքում:

Ներկայացնելով խորհրդարանի գործունեությունը և կառուցվածքը՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին: Գալուստ Սահակյանը հպարտությամբ է խոսել միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների նվաճումների մասին՝ նշելով, որ լավ հայ, լավ քաղաքացի դաստիարակելն այսօր նույնպես նվաճում է և կրթության գաղափարախոսության կարևոր բաղադրիչը: Խորհրդարանի ղեկավարը հորդորել է աշակերտներին լավ սովորել և շատ ընթերցել՝ կարևորելով գեղարվեստական գրականության և ընթերցանության դերը հայրենասեր, բարեկիրթ, գրագետ մարդու դաստիարակության գործում:

Այնուհետև ԱԺ նախագահը սիրով պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցական ավարտական քննություններին, կրթության բնագավառի բարեփոխումներին, նախամասնագիտական կրթությանը և կրթությունն արտասահմանում շարունակելու հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել է ուսուցիչների և աշակերտների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում