Քաղաքականություն

ԱԺ ոչ իշխանական ուժերն արդյունավետ են գնահատում կենսաթոշակայինի հարցով վարչապետի մոտ կայացած քննարկումը

5 րոպեի ընթերցում

ԱԺ ոչ իշխանական ուժերն արդյունավետ են գնահատում կենսաթոշակայինի հարցով  վարչապետի մոտ կայացած քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովիխմբակցությունների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կայացած կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ հանդիպումն արդյունավետ են համարում: «Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել, և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցին: Խնդիրը երկու փուլի է բաժանվում, առաջին փուլն այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը: Դա նշանակում է, որ այնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որոնք թույլ կտան, որ քաղաքացիները բացառապես իրենց կամարտահայտությամբ համակարգին մասնակցեն, չի լինելու որևէ պարտադրանք, չի լինելու տույժ ու տուգանք: Երկրորդ փուլն արդեն նոր մոդելի մշակումն է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավումը, դա ավելի երկար ժամանակ է պահանջում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առաջիկա երկու օրերին պատրաստ կլինի կառավարության մշակած օրենքի նոր նախագիծը, որը կդրվի քննարկման: Արծվիկ Մինասյանը կարևորեց այն, որ այս փուլում պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր անել: Նրա խոսքով՝ մինչև հաջորդ երկուշաբթի կառավարության նոր նախագիծը պատրաստ կլինի:

Լրագրողների հարցին՝ Հովիկ Աբրահամյանն այսօրվա քննարկմանը հստակ ասե՞լ է, որ պարտադիր բաղադրիչը չի գործելու և պարտադիր պահումներ չանող գործատուները չեն տուգանվի, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, ասել է, գործատուներն էլ տույժ ու տուգանքներ չեն վճարի»:

Միաժամանակ, ՀՅԴ պատգամավորն ասաց՝ քանի դեռ կառավարության նոր նախագիծը պատրաստ չէ, իրենք վերջնական եզրակացություն չեն կարող անել:

Հարցին, թե այս դեպքում ԱԺ ոչ իշխանական ուժերը, որոնք ԱԺ արտահերթ լսումներ էին փորձում կազմակերպել պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ, հետ կկանգնե՞ն իրենց մտադրությունից, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այս պահին, քանի դեռ չկա կառավարության նախագիծը, նման պնդում անելը ճիշտ չէ: Նախագիծը կլինի, կտեսնենք, թե որքանով են մեր և «Դեմ եմ» շարժման առաջարկություններն իրացված այդ նախագծում, այն ժամանակ էլ կտանք մեր հետագա քայլերի վերաբերյալ հստակ տեղեկություն»:

Հարցին՝ ինչո՞վ են բացատրում կառավարության դիրքորոշման փոփոխությունը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշումն ավելի խորությամբ ընթերցվել է, ինչպես նաև հասարակական ընդվզումը, Սերժ Սարգսյանի դրական դիրքորոշումը համակարգը վերանայելու ուղղությամբ ու Հովիկ Աբրահամյանի բազմիցս հնչեցրած ցանկությունն իրար հետ համատեղվել են: Ըստ Մինասյանի՝ դրան է գումարվել նաև քաղաքական ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերի պատրաստակամությունը, որ համագործակցեն հարցը լուծելու ուղղությամբ:

ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն` Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

Իսկ ապրիլի 18-ին ՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում