Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». 107-ամյա Մարիամ Գրիգորյանի մոր գրկում թուրքերը երեխա են սպանել

«Ականատեսը». 107-ամյա Մարիամ Գրիգորյանի մոր գրկում թուրքերը երեխա են 
սպանել

«Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում ներկայացվում են ցեղասպանության ականատես-վերապրողների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա հերոսուհին` 107-ամյա Մարիամ Գրիգորյանը Հայաստանի տարածքում ցեղասպանության արհավիրքը վերապրած ամենատարեց երկարակյացներից մեկն է, ով ծնվել է Թուրքիայում:

ՎԱՆԱՇԵՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 107-ամյա Մարիամ Գրիգորյանին որդու` արտերկիր աշխատելու նպատակով մեկնելու լուրը խոր վիշտ է պատճառել: Նա պատրաստվում է ճանապարհել որդուն, բայց առատ հոսող արցունքների միջից անցյալը հիշելու մեր առաջարկը չի մերժում: Մարիամը Արարատի մարզի Վանաշեն գյուղի ամենատարեց բնակիչուհին է, ով ծնվել է 1907 թվականին Թուրքիայի Միդյաթ գյուղաքաղաքում: «Հենց այդտեղից է սկսել կոտորածը: Պապիկս Շմավոնը դարձել է «ղաչաղ», ընկել է սարերը, թուրքերին կոտորելու, տատիկիս էլ երեխան գիրկը խփել են:  Տղան գրկին մահացել է, իսկ մյուս երեխաներին ամեն մեկը վերցրել,  տարել է իրենց տուն պահելու, չգիտեմ քրդերն են պահել, թե ուրիշ մարդիկ»,- Մարիամի ընտանիքի պատումը մեզ է ներկայացնում նրա դուստրը` Խաթունը: Նա նախնիների մասին Թուրքիայում տեղի ունեցածը լսել է մորից և ընտանիքում ամենից լավ գիտի, թե շուրջ մեկ դար առաջ ինչն ինչպես է տեղի ունեցել:

Պատմական տեղեկանք

Միդյաթը (թուր. Midyat) հին քաղաք է, ներկայումս  Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ շրջանում, որի մասին առաջին հիշատակությունները տանում են դեպի մ.թ.ա. 8-րդ դար: Այժմ մոտ 50 հազար բնակչություն ունեցող քաղաքում  լավ պահպանված են միջնադարյան կառույցները: Քաղաքի նախկին բնակչության հիմնական մասը քրիստոնյա հայեր և ասորիներ են եղել: Այժմ քաղաքի միայն 100 ընտանիք է դավանում քրիստոնեություն: Մի շարք աղբյուրների համաձայն` այն ամենա ոչ թուրքական քաղաքն է Թուրքիայում,  XVI դարում քաղաքը հայտնվել է Օսմանյան կայսրության կազմում:

Խաթունի խոսքով, իր մորական պապին թուրքերը բռնել են և մի քանի օր ձերբակալած  պահել գոմում: «Անգամ միզել եւ խմեցրել են նրան: Դրանից հետո նա երդվել է, որ Աստծու դեմ մեղավոր է, քանի որ մարդ է սպանել: Պապիկս խմբով շատ թուրք է կոտորել: Ձերբակալությունից հետո վերադառնալով տատիկիս չի գտել, փնտրել է և տեղակացել, որ դանակով հարվածներ են հասցրել դեմքին` ասելով. «այս սիրուն աչքերը պետք է չմնան»»,- հիշում է Խաթունը: Թուրքերը կնոջ դեմքին հավածելուց հետո քար են դրել վրան և գնացել են, սակայն հետո  դիակները շուռ  տալու ժամանակ պարզվել է, որ կինը կենդանի է մնացել: «Դրանից հետո տատս ապրել է, անգամ մեկ երեխա է ունեցել,  բայց թե տատիկս, թե պապիկս, երկար չեն ապրել, երեխաները մնացել են որբ»,- ասում է պատմության հերոսուհու դուստրը:

Մոտ 6 տարեկանում Մարիամն սկսում է ապրել եղբայրների հետ: Նրա եղբայրներից մեկը ծառայել է Ֆրանսիական բանակում: Պատմության հերոսուհին 14 տարեկանում  ամուսնանում է Թուրքիայի Բասորք քաղաքում ծնված Գասպարի հետ, տարիներ անց 1927 թվականին իրենք տեղափոխվում են Սիրիա, ապա 1947 թ. Հայաստան: «Հայրս կարծես մեղքի տակ է ընկած եղել, քանի որ մորս հարազատներից կտրելով բերել է Հայաստան»,- նշում է Խաթունը:

Շուրջ 46 տարի հարազատներին չտեսնելուց հետո ականտեսը Խորհրդային Միության տարիներին մեկնել է Հոլանդիա` քույրերին տեսնելու, մյուս հարազատները տարիքով ավելի մեծ էին և այդ ժամանակ արդեն մահացել էին:

Խաթունի հավաստմամբ` հետաքրքրական է եղել նաև իր հոր, Մարիամի ամուսնու պատմությունը, ում հաջողվել է իր հոր հետ ապաստան գտնել քուրդ ընտանիքում, ապա ընտանիքի հայ հարսի նախազգուշացման շնորհիվ փախչել և փրկվել սպանվելուց: Մարիամի 8 երեխաները, որոնցից 3-ը մահացել են, մեծ գերդաստանի սյուներն են: Տարեց կինը շրջապատված է ընտանիքի բոլոր անդամների, հարսների սիրով և հոգատարությամբ: Անկախ տարիքից` ոտքով կարողանում է գնալ գյուղի մի քանի փողոց այն կողմ բնակվող աղջկա` Խաթունի տուն սուրճ խմելու: Մարիամ Գրիգորյանը Վանաշեն գյուղի` Հայոց  ցեղասպանության միակ ականատեսը չէ: Նրա տան հարևանությամբ է բնակվում 1911 թվականին ծնված Զարո Ղազարյանը, ում հետ հանդիպել մեզ չհաջողվեց, քանի որ տարեց կինն անկողնային վիճակում էր, իսկ ընտանիքի անդամներին նրա պատմության մանրամասները ցավքոք հայտնի չէին:

Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները`  Արևիկ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am