Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». 99-ամյա Մարիամ Սահակյանին փոխանցվել է սասունցիներին բնորոշ «ծռությունը»

«Ականատեսը».  99-ամյա Մարիամ Սահակյանին փոխանցվել է  սասունցիներին բնորոշ 
«ծռությունը»

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ընթերցողի դատին հաձնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացող «Ականատեսը» հատուկ նախագիծը, որի շրջանակում ներկայացվում են ցեղասպանության ականատեսների կյանքի պատմությունները: Նրանց վկայությունները հավաքելու նպատակով մեր ստեղծագործական խումբն այցելել է Արարատի մարզ: Այս շաբաթ նախագիծը նվիրված է Այգավան գյուղի ամենատարեց բնակչուհուն`արմատներով սասունցի Մարիամ Սահակյանին:

ԱՅԳԱՎԱՆ,  1 ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այգավան գյուղում տներից մեկի դիմաց, տարվա տաք եղանակին փայտյա փոքրիկ նստարանին է սովորաբար իր առօրյայի մի մասն անցկացնում 1915 թվականին Սիրայում ծնված Մարիամ Սահակյանը, ում ընտանիքը Սիրիա է գաղթել Սասունից:

Մի պահ կտրվելով իր մտքերից ու ծոռների խաղին հետևելուց` Մարիամն, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Համարյա ոչինչ չեմ հիշում, փոքր եմ եղել»: Տարեց կինն ունի հիշողության անկում, անցյալից գրեթե ոչինչ չի հիշում, կամ ինչպես ասում են տան անդամները, գուցե հուշերի դառնությունից ելնելով չի ցանկանում հիշել, սակայն նրա հարսը` Հասմիկը մեզ ներկայացրեց  այն, ինչ իրեն հայտնի է սկեսրոջ ընտանիքի պատմությունից:

Պատմական տեղեկանք

Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս  լեռնաշղթայի համակարգում։ Այն գտնվում է Վանա լճից արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ 1896 թվականին Սասունում իրենց խմբերով կռիվներ են մղել ազատագրական շարժման գործիչներ Անդրանիկը, Աղբյուր Սերոբը,  Սպաղանցի Մակարը։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը գլխովին ջախջախելու նպատակով՝ սուլթանական կառավարությունը  1904 թվականին նոր զինված հարձակում է սկսել (10000-անոց թուրքական, և 5000-անոց քրդական զորքերով)։ Ինքնապաշտպանական մարտերը գլխավորել են Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Հաճին (Կոտոյան Հ Գ), Սեբաստացի Մուրադը, Սպաղանցի Մակարը, Մշեցի Սմբատը, Շենիկցի Մանուկը, Կայծակ Վաղարշակը և ուրիշներ։ Չնայած պարտությանը` Սասունի բնակչությունը մերժել է լեռնային շրջանները թողնելու և Մշո դաշտում վերաբնակվելու թուրքական կառավարության պահանջը՝ շարունակելով հայդուկային պայքարը։ 1915 թվականին, Մեծ եղեռնի տարիներին, Սասունի բնակչությունը մի քանի ամիս անհավասար գոյամարտ է մղել թուրքական 30000-անոց բանակի դեմ։ Սասունի 60000 բնակչությունից փրկվել էենմոտ 15000-ը, որոնք ռուսական բանակի օգնությամբ գաղթել են Արևելյան Հայաստան, բնակություն հաստատել Աշտարակի և Թալինի շրջակա գյուղերում։

«Տատիկը հիշողությունը կորցրել է: Գաղթից շատ բան չգիտի, բայց նախկինում շատ էր պատմում իր քեռու կնոջ պատմության մասին, ում ամուսնացրել են մուսուլմանի`  արաբի հետ»,- պատմեց Հասմիկը:

Սասունից Սիրիա է տեղափոխվել Մարիամի ողջ ընտանիքը` ծնողները, 4 քույրերն ու 6 եղբայրները, տատն ու պապը:  Սիրիայում պատմության հերոսուհին ամուսնացել է նույնպես արմատներով սասունցի Իսկանդարի հետ: 1946 թվականին իրենք բնակություն են հաստատում Հայաստանում ` ունենալով 8 երեխա: Ականատեսը ողջ կյանքում աշխատել է, եղել է տնային տնտեսուհի, զբաղվել է գյուղատնտեսությամբ:  

«Տատիկը երեխաներին լավ մայր է եղել, լավ ծնող, տնտեսվար:  Նա  սկեսրայրիս երկրորդ կինն էր և, բացի իր ութ երեխաներից, խնամել է նաև ամուսնու երկու երեխաներին: Աշխատել է և ստեղծել, բերք հավաքել, շուկա գնացել, հաց թխել»,- պատմում է հարսը` ավելացնելով, որ հետագայում սկեսրոջը հաջողվել է մեկ հարկի տակ համերաշխ ապրել երեք հարսների հետ:

Հարսի հավաստմամբ` թեպետ տատիկը Սասունում չի ծնվել, սակայն նրա բնավորության մեջ վառ արտահայտված են սասունցիներին բնորոշ գծերը:

«Սասունցիներին բնորոշ է ծռությունը: Իրենք ծուռ են ազգովի: Երևի հենց էպոսից էլ գալիս է այդ ծռությունը: Չորկող են իրենց ասածի մեջ և համառ: Այսպիսին է նաև տատիկը»,- անկեղծացավ Մարիամի ընտանիքի անդամը:

Պատմական տեղեկանք

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպը հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Սասունցիների երգերն ու պարերը,խնջույթները, ինչպես նաև ճաշատեսակները  այս ընտանիքի կյանքին անմասն չեն մնացել:  

«Պատրաստում ենք շամբորակ, քութլք, ինչը նման է իշլի քյուֆթային: Խճողակ ենք անում ձավարով, այնուհետև  բացում ենք և միս լցնում մեջը»,- ասում է Հասմիկը:

Մարիամի կյանքի  ճակատագրական և հիշարժան դրվագներից է այն պահը, երբ մոտ 25-30 տարի իր սիրիաբնակ եղբայրներին չտեսնելոց հետո 7 տարի առաջ նրանց հետ հանդիպել է Այգավանում, նրանք էին եկել իրենց քրոջը տեսնելու:  

 «Տատիկն այնքան էր սպասում այդ հանդիպմանը, որ վատացել էր,  հիվանդացել: Անգամ մտածում էինք, որ չի դիմանա մինչև նրանց գալը» ,- հիշում է Հասմիկը` հավելելով, որ առ այսօր իրենք պահպանում են կապը Սիրայում բնակվող բարեկամների հետ:

Այժմ տարեց կինը թե՛ ընտանիքի անդամների, թե՛ համագյուղացիների  հետ զրույցներ շռայլել չի սիրում: Նրա մտազբաղությունը երբեմն-երբեմն ընդատվում է տան դիմաց խաղացող երեխաներին փաղաքշաբար նկատողություն անելով: Ընտանիքի անդամների վստահեցմամբ` Մարիամը առողջ և երկարակյաց լինելու հատուկ բաղադրատոմս չունի, ապրում է բոլորի նման, առանց հստակ կանոնների:

Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները`  Արևիկ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am