Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ականատեսը». Վանից գաղթի ճանապարհը 99-ամյա Մաքրուհի Գևորգյանին հիշեցնում է մոր կորուստը

«Ականատեսը». Վանից գաղթի ճանապարհը 99-ամյա Մաքրուհի Գևորգյանին հիշեցնում 
է մոր կորուստը

Արմենպրես» լրատվական գործակալության` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ «Ականատեսը» հատուկ նախագիծն ընթերցողներին դատին է ներկայացնում ցեղասպանությունը վերապրած մարդկանց կյանքի պատմությունները, որոնք հավաքագրելու նպատակով մեր ստեղծագործական խումբն այս անգամ այցելել է  Արարատի մարզ: Նախագիծն Ավշար գյուղի ամենատարեց բնակչուհու` 99-ամյա Մաքրուհի Գևորգյանի մասին է:

ԱՎՇԱՐ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ավշար գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի բակում այցելուներին ներկայանում է շուրջ 60-ամյա կենսագրություն ունեցող «Սուրբ Նարեկ» աղոթատեղին, որը սեփական ձեռքերով կառուցել է 1915 թվականին Վանում ծնված Մաքրուհի Գևորգյանը: Փոքրիկ սրբավայրում տեղ են գտել Վանից բերված բացառիկ մասունքներ, սրբապատկերներ, խաչքարեր, որոնք հետագայում համալրվեն են նաև հավատը խորհրդանշող այլ նմուշներով: «Տատիկս ծննունդով Վանից է: Նրա մայրը հղի է եղել և գաղթի ճանապարհին մահացել է: Հայրը շատ հարուստ  մարդ է եղել և գաղթի ճանապարհին, ամեն օր մեկ ոսկի է վճարել մի արաբ կնոջ` տատիկիս նավի վրա կրծքի կաթով կերակրելու համար»,- պատումը մեզ է փոխանցում Մաքրուհու թոռնուհին` Մարինե Հակոբյանը:

Պատմական տեղեկանք

Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա:  Վանն ունեցել է հարուստ բուսականություն, գեղեցիկ այգիներ: Քաղաքի այգեշատ թաղամասը կոչվել է Այգեստան: Համաձայն ժողովրդական ավանդության` Ասորեստանի Շամիրամ թագուհին այստեղ էր կառուցել իր ամառանոցը: Քաղաքի տարածքով հոսում ու Վանա լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները: Վանում բնակվող հայերը զբաղվել են ոսկերչությամբ, գորգագործությամբ, ձկնորսությամբ և այլն:

Հայերը Վանում ապրել են միչև 1915 թվականը: Ցեղասպանության տարիներին վանեցիները հերոսական պայքար են մղել թուրքական զորքերի դեմ: 1915-1918 թթ. տասնյակ հազարավոր հայեր ստիպված թողած տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին քաղաքի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը։ Կոտորածներից փրկված հայերի մի մասը հաստատվել է Արևելյան Հայաստանում: Քաղաքը գրաված թուրքերը ավերել են հայկական թաղամասերը: Այժմ հայոց առաջին մայրաքաղաքը Թուրքիայի տարածքում է` Արևմտյան Հայաստանում:

Մաքրուհին ավագ քրոջ` Զարոյի և հոր` Բաղդոյի հետ, հասել է Հայաստան` հաստատվելով Ավշար գյուղում: Նա ունեցել է մոտ տասը հորեղբայրներ և քեռիներ, ում, ցավոք, այլևս երբեք գաղթից հետո տեսնելու հնարավորություն չի ունեցել:

Դաշտում աշխատանքների ընթացում հանդիպելով ապագա ամուսնուն` Գասպարին, պատմության հերոսուհին ամուսնանում է, ունենում 6 երեխա` հինգ տղա և մեկ աղջիկ: «Պապիկս և տատիկս Ավշար գյուղի հիմնադիրներից են: Տատիկս կրթություն չունի: Նա  հեքիմ է, կարողացել է բուժել տարատեսակ վերքեր, այրվածքներ:  Իր կարծիքով` այդ կարողությունն Աստված է շնորհում»,- ժպիտով ասում է թոռնուհին` ավելացնելով, որ տատը սովորաբար վերքը ոչ թե փափաթում էր շորով, այլ անմիջապես հող լցնում վրան:

Հարյուրավոր  գյուղացիներ են եկել Մաքրուհու մոտ և  բոլորին էլ բուժել է, օգնություն ցուցաբերել: Առ այօսր, ի նշան երախտագիտության, շատերն իրենց երեխաներին Ավշարում շարունակում են տալ Նարեկ կամ Մարիամ անունը: «Տատիկս ասում է, որ մենք լավ չենք սնվում, մինչդեռ իրենք այն ժամանակ թարմ-թարմ կաթ ու մածուն էին ուտում: Ինքը շատ քիչ է ուտում, պահպանում է իր նորման` ժամ առ ժամ: Երեկոյան ժամերին  չի ուտում` ասելով, որ ժամը ութից հետո ուտելիս մարդու շունչը, կարծես, կտրվի »,- ասում է թոռնուհին:

Մաքրուհի տատի սրտում միշտ վառ է եղել մորը կորցնելու վիշտը, հայրենիքի կարոտը, բայց կյանքի դժվարություններն ստիպել են մշտապես զբաղվել տան հոգսերով, երեխաների խնամքով, սակայն, երբեք չկորցնելով ցեղասպանության ճանաչման հույսը: Մաքրուհին հավատացել է, որ արդարության հստատման հնարավոր է հասնել միայն ժողովրդի միասնության շնորհիվ:

«Տատիկս հյուրերին միշտ դիմավորել է «Հյուրասիրվի՛ր,  օգտվի՛ր, մի՛ ամաչի, բարով ես եկել» խոսքերով, նա չափազանց բարեհոգի է, հոգատար և հյուրասեր: Ողջ բակի երեխաների համար հաց է թխել ու բաժանել»,- պատմում է զրուցակիցս` հերքելով այն թյուր կարծիքը, թե վանեցիները ժլատ են: Նա հավաստիացնում է, որ իրականում նրանք արարող են և շենացնող:

Մաքրուհին ընտանիքի միակ երկարակյացը չէ: Նրա հայրը մահացել է 120 տարեկանում, իսկ ամուսինը` 90:

«Կյանքիցս գոհ գնացի, Վանից կարոտ մնացի»,- կյանքի վերջում արտաբերած տողերն այժմ գրված են ականատեսի ամուսնու, նույնպես վանեցի Գասպարի գերազմանի վրա, ով, չնայած իր տարիքին, որոշել էր տեսնել Վանը և նոր մահանալ, սակայն չէր հասցրել իրականացնել վաղեմի երազանքը: Վան այցելած նրա ծանոթները նրա մահից հետո Վանից մի բուռ հող են բերել` գերեզմանին լցնելու համար:

Վանեցի լինելու մասին են վկայում նաև այն կերակրատեսակները, որոնք միշտ պատրաստել է Մաքրուհին: «Ծիրանի չրով ճաշը շատ համեղ է: Քրջիկը և չոթանով ճաշը նույնպես իրենց սեղանից անբաժան են եղել»,- ասում է Մարինեն, ում հավաստմամբ` տատիկը մշտապես թաքուն հույս է փայփայել, որ մի օր իրեն էլ հանրությունը կանդրադառնա, ուշադրություն կդարձնի որպես ցեղասպանությունը վերապրածի, մարդու, ով շատ դժվարություններ է տեսել:

Եթե ընդամենը մեկ տարի առաջ Մաքրուհին կարողանում էր զբաղվել տան գործերով, հողամասային աշխատանքներով, ապա այժմ ունի առողջական խնդիրներ, հիշողության կորուստ: Նրան խնայելով` ընտանիքի անդամները չեն պատմել կրտսեր որդու վաղաժամ մահվան մասին, սակայն, նրանց հավաստմամբ, նա ենթագիտակցաբար զգում է որդու բացակայությունը, ինչն էլ անքուն գիշերների, տեսիլների պատճառ է դառնում:

Թոռնուհուհին ընդգծում է, որ իրենց միակ ցանկությունն է, որպեսզի տատիկի թոշակը իր փոխարեն ստանալիս կամ առողջական խնդիրներին վերաբերող այլ փաստաթղթային գործընթացներում  համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ավելի ներողամիտ գտնվեն, և տատիկը զգա իրեն այնքան անհրաժեշտ հանրության հոգատարությունը:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները`  Արևիկ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am