Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իլինոյսի համալսարանի հայ պրոֆեսորը վստահ է` որոշ ավիավթարներ կարող էին չլինել, եթե կիրառվեր իր ստեղծած ղեկավարման համակարգը

Իլինոյսի համալսարանի հայ պրոֆեսորը վստահ է` որոշ ավիավթարներ կարող էին 
չլինել, եթե կիրառվեր իր ստեղծած ղեկավարման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր, հայազգի Նաիրա Հովակիմյանը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, փակ դռներ բացել ու հասել նրան, որ իր ստեղծած ղեկավարման համակարգի տեսությունը դարձել է աշխարհի լավագույն համալսարանների կողմից կիրառելի: Միգուցե շատ ավիավթարներ տեղի չունենային ու չունենան կամ «կապել ամրագոտիները» ազդանշանը ստանալու կարիքը չլինի, եթե ընկերություններն օգտագործեն L1 ղեկավարման համակարգը: «Արմենպրես»-ի զրուցակիցն է գիտնականին վայել համեստությամբ օժտված Նաիրա Հովակիմյանը, ում ձեռքին, չնայած այժմ ավելի շատ դիրիժորի փայտիկն է շարժվում, քան ջութակի, շարունակում է իր գիտական գործունեությունն ու ապագայի համար ունի խոստումնալից ծրագրեր:

-Կնկարագրե՞ք L1 կառավարման  համակարգը: Ո՞րն է դրա առավելությունը նպանատիպ այլ համակարգերից:

 -L1 կառավարման  համակարգը տալիս է հնարավորություն ծրագրավորել ղեկավարման համակարգեր, որոնք կաշխատեն առանց խափանման` բավականաչափ անորոշությունների պայմաններում: Ցանկացած համակարգի ղեկավարման համար անհրաժեշտ է ունենալ այդ համակարգի որևէ մոդել, որի համար այդ ղեկավարող համակարգը կառուցվում է: Այն կառուցելուց հետո, երբ փորձարկում ես իրականության մեջ, որտեղ կարող են լինել անորոշություններ, մոդելային թերություններ, եթե դա դրսում է լինում, կարող են լինել քամիներ, տարբեր տիպի շեղող պայմաններ, ցանկալի է, որ ղեկավարման համակարգը պահպանի իր կայունությունը և չշեղվի իր հետագծից: Լ1 ղեկավարման համակարգը տալիս է նման հնարավորություն: Եթե այն դիտարկենք ավիավթարների կտրվածքով, ապա կարող ենք ասել, որ միգուցե որոշ վթարներ տեղի չունենային, եթե լիներ L1 ղեկավարման համակարգը: Միգուցե որոշ դեպքերում «կապել ամրագոտիները» ազդանշանը ստանալու կարիք չլինի, եթե կիրառվի այդ համակարգը: Այն առաջինը չէ, ոչ էլ վերջինը, պարզապես եղած ղեկավարման համակարգերի համեմատությամբ, այն ապահովում է  կայունության ավելի լավ երաշխիքներ ավելի մեծ անորոշությունների դեպքում: Այն մեկ քայլ առաջ է: L1 ղեկավարման համակարգով մեկ մոդելից մյուսին անցնելիս ավելի քիչ ժամանակ է պահանջվում: Այն լավագույնն է ճանաչվել NASA-ի փոքրիկ մարդատար ինքնաթիռի մոդելի փորձարկման ժամանակ:

-Ինչպիսի՞ն է L1  ղեկավարման համակարգի տարածվածությունն ու կիրառությունը: Որքանո՞վ են գիտական շրջանակները տեղեկացված այս նորարարությամբ:

 -Տեղեկացված են, կիրառում են, բայց մրցակցությունը շատ մեծ է: Մեծ արդյունաբերական համալիրները գերադասում են սեփական ղեկավարող համակարգն ունենալ: Եթե վերցնենք մեծ ինքնաթիռների արդյունաբերությունը, ապա պետք է նկատենք, որ դրանք տարիներով թռչում են, ունեն իրենց մշակված ծրագրային համակարգերը, մասնագետները, որոնք հատուկ ուսուցում են անցել: Երբ նրանք իրենց ամբողջ մեթոդն ու փիլիսոփայությունը փոխեն, իրենց ղեկավարման համակարգերը փոխարինեն L1-ով, պետք է ստիպված լինեն փոփոխել ու L1-ին հարմարեցնել իրենց համակարգերը, որը մեծ ներդրում կպահանջի, ինչն իմաստ չունի: Նրանք գերադասում են բարելավել իրենց ունեցած համակարգերը:

Նորաստեղծ փոքրիկ ընկերությունները, որոնք սկսում են զարգանալ, ցանկանում են վերցնել ու կրկնօրինակել L1-ը, շատերը ցանկանում են իրենցը ստեղծել, քանի որ այն բավականին թանկ է: Լայն մասսայական ընդունելությունը այս դեպքում պետք է այլ կերպ գնահատել: Այն` որպես տեսություն, լայն տարածում ունի աշխարհում, կա գիրք, որով դասավանդում են աշխարհի տարբեր համալսարաններում: Կան մարդիկ, ովքեր հետևում են մեր աշխատանքին, փորձում կրկնօրինակել, ինչու չէ`նաև կեղծելով որոշ մասեր նոր բնույթ ու անուն տալ դրան: Այսինքն` մենք ունենք բավականին բարձր մեջբերման ինդեքս, որով էլ գիտության մեջ չափվում են գիտական մեթոդներն իրենց օգտակարության տեսանկյունից:

-Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ դժվարությունների է հանդիպում կին գիտնականը: Եղե՞լ են նման խոչընդոտներ Ձեր գործունեության ընթացքում:

-Դժվարություններն անսահման շատ են: Դրանք այնքան էլ կապված չեն կին լինելու հետ, ես այդ դժվարությունները վերագրում եմ ավելի շատ նրան, որ ամերիկյան կրթություն չունեմ, իսկ իրենց կրթական համակարգը խիստ կարևորում է այն, ինչն իրենց կողմից է երաշխավորված: Ամերիկայում ես միայնակ էի ու չէի պատկանում իրենց կողմից լավ ճանաչում ստացած դպրոցներին, որոնք առաջատար ուղղությունների հիմնադիրներ էին: Ստիպված էի աշխատել մի քանի անգամ շատ` իմ ուղղությունը հիմնադրելու և անուն վաստակելու համար: Բայց այս ամենը կարելի է մի կողմ դնել ու ասել, որ ԱՄՆ-ն համարվում է այն բացառիկ երկրներից մեկը, որտեղ քո դիմաց հազար դուռ փակում են, բայց դու միևնույն է` միշտ գտնում ես հազար մեկերորդը, որը բացվում է:

Պետք է ուղղակի նորմայից շատ աշխատել ու ամեն ինչ անել շատ լավ որակով, որ տեսանելիություն ապահովես: Ես միշտ ասում եմ` ԱՄՆ-ում կան խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել, և կան դժվարություններ, որոնց պետք է դիմանալ: Կարևորը Ճիշտ ապրես, չընկճվես, չկոտրվես, իմանաս` ինչի համար ես պայքարում: Ու կարծում եմ, որ սա ճիշտ է աշխարհի ցանկացած երկրի համար: Պետք է կարողանալ խոչընդոտն ու դժվարությունը տարբերել:

-Ցանկանում եմ անդրադառնալ Ձեր այն դիտարկմանը, որ Ամերիկան լայն հնարավորությունների երկիր է: Իհարկե, Հայաստանն ու Ամերիկան համեմատելի չեն, բայց, այս իմաստով,  ի՞նչն է պակասում Հայաստանին:

-Հայաստանին կրթությունն է պակասում, պակասում է մարդկային հարաբերությունների հիգիենան, մարդիկ շատ են մեկը մյուսի կյանքով հետաքրքրվում: Քննադատողներն ավելի շատ են, քան գործ անողները: Երևույթների բովանդականության և արտաքին ձևի հարաբերակցությունն է շատ շեղված: Այսօրվա Հայաստանի դառն իրականության պատճառներից մեկն էլ 1992-1997թվականների սև օրերն էին, որ ջարդվեց մեր սերնդի գլխին, ովքեր, այստեղ թունելի լույսը չտեսնելով, գնացին Հայաստանից հանապազօրյա հաց վաստակելու կամ էլ կյանքում իրենց առաքելությունը իրականացնելու համար, ինչպես եղավ իմ դեպքում: Ես պարզապես չէի կարողանում գիտությամբ զբաղվելու համար նույնիսկ մինիմալ հնարավորություններ գտնել (կարդալ գիտական ամսագրեր, տպագրվել, շփվել ուրիշ գիտնականների հետ):
 Հայաստանին պակասում է գիտության նկատմամբ իրավասու մարմինների սրտացավ վերաբերմունքը: Արդյոք Հայաստանում գրադարանները հետաքրքրված են տարբեր գիտական ամսագրերի բաժանորդագրությամբ, արդյոք նրանք մտահոգված են, որ Հայաստանի գիտնականները ծանոթանան դրանց:

Դրա փոխարեն Հայաստանում կտեսնես ամեն օր ավելացող ռեստորաններ, փայլող հատակներ, համալիրներ: Մեկ պարզ օրինակ բերեմ` ԱՄՆ-ի մեր ուսանողական քաղաքում, ուր բնակվում է 100 հազար մարդ, գեղեցկության սրահներն ավելի քիչ են, քան Երևանում մեր փողոցի վրա, որը ոտքով կարելի է 15 րոպեում քայլելով անցնել:

Կարևոր եմ համարում, որ գիտության մեջ առաջին շարքում քայլես, իհարկե, բոլոր ոլորտներում էլ առաջինը լինելը ցանկալի է, բայց գիտության մեջ երկրորդը լինելն արդեն միջակություն է:

-Հնարավո՞ր է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ունենաք փորձի փոխանակման դասընթացներ:

-Եթե կան հետաքրքրվողներ, մեծ հաճույքով: Մի քանի անգամ հանդիպել եմ ուսանողներին Պետական համալսարանում, սեմինար եմ անցկացրել, բայց, ցավոք, հետաքրքրություն չկա: Հիմնականում, մարդկանց արձագանքն այն է, որ Ամերիկայում բոլոր հնարավորությունները կան անելու այն, ինչ դուք արել եք, իսկ այստեղ` ոչ: Չեն պատակերացնում նույնիսկ, թե ինչքան եմ աշխատել, որ ստեղծեմ այդ հնարավորություններն ինձ համար, որքան խոչընդոտներ եմ հաղթահարել, որքան դժվարությունների եմ դիմացել: Հայաստանում փոխվել է մարդկանց գիտակցությունը, համատարած մշակույթի պակաս էլ կա` չնայած ես մարդկանց չեմ էլ մեղադրում:  Դժվար ժամանակներ են, պետք է բոլորին հասկանալ:

-Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում: Հետագա ի՞նչ ծրագրեր ունեք:
-Շատ տարբեր ծրագրեր կան: Նպատակ ունեմ նոր գիրք գրել, որը նվիրված կլինի ռոբոտների համաձայնեցված շարժումներին, ըստ որի` միաժամանակ մի քանի ռոբոտ համաձայնեցված գործողություններ են իրականացնում: Այս պահին մի նախագծի վրա ենք աշխատում. մի քանի ռոբոտներ ու մարդիկ նույն հրապարակում տանգո պարեն, մարդիկ իրար հետ, ռոբոտները` իրար հետ ու իրար չխանգարեն: Այստեղ, ղեկավարման համակարգի տեսությունից բացի, կան մի շարք այլ գիտական ուղղություններ` հաղորդկացության տեսությունը, հոգեբանությունը, հասարակական այլ գիտություններ:

NASA-ի հետ մեկ այլ նախագիծ կյանքի կոչելու ծրագրեր կան ավելի բարդ մոդելներով ինքնաթիռներ օդ բարձրացնենք: Ինչ վերաբերվում է հետագա նպատակերին, ես էլ նպատակներ չեմ դնում իմ կյանքում: Նպատակներ ունենում ես երիտասարդ տարիքում: Մեծանալով կյանքիդ բնույթն է փոխվում, գնալով ցանկանում ես ուղղակի օգտակար լինել շրջապատիդ և մտածել տարբեր հնարավորություններ ստեղծելու մասին:

Ուզում ես դիրիժորի փայտիկը ձեռքումդ պահել, ոչ թե ջութակը: Հիմա իմ գործունեությունը դրան է նման: Իմ ամենօրյա աշխատանքային կտրվածքում ցանկանում եմ, որ ուսանողներս ու կոլեգաներս ինձնից գոհ ու երջանիկ լինեն, ինձնից սովորեն ու ինձ սիրեն: Ես էլ անձամբ փորձում եմ ամեն օր նոր բան սովորելով առաջ գնալ: Իմ կարծիքով` շատ կարևոր է աշխատանքիդ մեջ նոր նշաձողեր սահմանելը` որակի նոր բարելավումներով: Ինչպես տիեզերքն է անսահմանափակ, այնպես էլ մարդու միտքը: Խնդիրը սահմանափակ ժամանակի մեջ նոր երևույթ ստեղծելն է և միայն քո փորձով դա լսարանին ու հասարակությանը ցույց տալը: Կարևորը դրական լիցքեր ճառագես, մարդկանց ոգևորես, ոչ թե նրանց մեջ եղած մի փոքր կայծն էլ սպանես, հիմա առավելապես դրանով եմ ապրում:  Փորձում եմ եղածի մեջ մի լավ բան գտնել և օգնել ուրիշներին այն նույնպես տեսնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am