Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ականատեսը». հայրենիքի հանդեպ սերը ոչինչ է առանց միմյանց սիրելու. պատգամել է ցեղասպանության վկա 105-ամյա մուսալեռցին

«Ականատեսը». հայրենիքի հանդեպ սերը ոչինչ է առանց միմյանց սիրելու. պատգամել  
է ցեղասպանության վկա 105-ամյա մուսալեռցին

«Արմենպրես» լրատվական գործակալութունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ներկայացնում է «Ականատեսը» հատուկ նախագծի 2013 թվակականի վերջին պատմությունը: Պատմության հերոսը Մուսա լեռում ծնված 105-ամյա Մովսես Դերմիշյանն է: 

ԲԱՂՐԱՄՅԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի իր համեստ տանը ծերության վերջին օրերն էր անցկացնում 1908 թվականին Մուսա լեռան Հաջի Հաբիբլի գյուղում ծնված Մովսես Դերմիշյանը: 105-ամյա ծերունին օրվա մեծ մասը միայնակ էր լինում, քանի որ նրան խնամող միակ թոռը ցերեկային ժամերին աշխատում էր: Մուսա լեռան պատմական օրերի ականատեսը լավ հիշողություն ուներ, ինչը նրան թույլ տվեց  ընտանիքի պատմությունը մեզ ներկայացնել հստակ հաջորդականությամբ: Արմավիրի մարզում ականատեսների պատմությունները հավաքագրվել են 2013 թվականի օգոստոսին, նյութի հրապարակումից կարճ ժամանակ առաջ ցավով տեղեկացանք Մովսես Դերմիշյանի մահվան մասին: 


«Մինչ 1915 թվականը մեզ կանչեցին ու ասացին, որ հարկեր ունենք, պետք է վճարենք, քանի որ պետությունը նեղության մեջ է: Բավական շատ հարկեր տվեցինք, մեր գյուղապետերին փակ նամակ եկավ կառավարությունից, որի մեջ գրված էր, որ հայը իր տեղում ապրելու իրավունք չունի, պետք է աքսոր գնա: Մերոնք ասացին, որ չեն հեռանա, քանի որ այն, ինչ ցանկացել է պետությունը, մենք արել ենք, հետևաբար  ինչո՞ւ պետք է հիմա տնից, տեղից  հանեն»,- անցյալի հուզմունքը վերապրելով` պատմում էր Մովսես պապը: Նրա խոսքով, յուրաքանչյուր գյուղում հիսունական թուրք զինվորներ տեղակայեցին, ովքեր պետք է երրորդ օրը ժողովրդին քշեին տանեին, սակայն մուսալեռցիները  խորհրդակցելով` որոշել են մնալ իրենց գյուղերում, տեղում մահանալ, դիմադրություն ցույց տալ, բայց աքսոր չգնալ: «Եվ ժողովրդին ասացին. «Ինչքան անասուն ունեք` քշեք դեպի սարը եւ մի իջեցրեք այնտեղից` գնալով սարի խորքը»: Երրորդ օրը մեզ ասացին. «Իջեք սարից` գնացեք աքսոր»: Իսկ մենք ասացինք, որ չենք իջնի»,- վերհիշում է ականատեսը: Նա հստակ հիշում է, թե ինչպես դիմադրության 40-րդ օրը տեսել են ֆրանսիական ճակատագրական նավը և դրոշակ բարձրացրել:


Պատմական տեղեկանք

Իրադարձությունը, որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը, տեղի ունեցավ արյունալի 1915թ., երբ սկսեց իրականացվել հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը: Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը, սակայն Մուսա լեռան բնակիչները, անտեսելով կարգադրությունը, որոշեցին բարձրանալ լեռան գագաթը եւ ինքնապաշտպանություն կազմակերպել: Չորս տարբեր բնակատեղիներում հաստատված ժողովուրդը կենտրոնացավ փրկության միակ ճանապարհի՝  ծովի դիմաց գտնվող Տամլաճըգում: Ըմբոստ գյուղացիները չէին կարող հուսալիորեն պաշտպանել ավելի քան 115 քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքը, եւ կազմավորվեց երեք հարվածային խումբ: Շուրջ 4300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը, անդադար անձրեւները չկոտրեցին հայոց ոգին. նրանք անգամ պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն եւ բարձր պահեն հոգու արիությունը: Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետեւյալ բառերով` «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն»: Ֆրանսիական եւ բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսա լեռից Պորտ-Սայիդ, Եգիպտոս: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:

«Գնալով նավին ընդառաջ` մենք ասացինք, որ թուրքը մեզ ուզում է կոտորել: Մի քանի օր անց մեզ լցրին նավերը և տարան Պորտ Սայիդ, այնտեղ իջեցրին»,- հիշում է պատմության հերոսը: Ինքնապաշտպանական մարտերում Դերմիշյանների ընտանիքը զոհեր չի ունեցել: Նրանք 1939 թվականին վեց գյուղերի մյուս բնակիչների հետ վերջին անգամ հեռացել են ծննդավայր Մուսա լեռից, քանի որ, Մովսեսի հավաստմամբ, իրենք թուրքի հպատակություն այլևս ընդունել չէին կարող: «Այնճար գյուղում մեզ տեղ հատկացրին, 1800 հեկտար տարածք, որտեղ էլ սկսեցինք շինարարություն անել, սակայն հետո Ֆրանսիայի կառավարությունը տապալվեց, և կիսատ մնաց ամեն ինչ, չնայած նրան, որ 1200 սենյակ արդեն կառուցվել էր շուրջ 1200 ընտանիքի համար: 1946 թվականին Հայաստանից մեզ ասացին` «Եղբայրներ, հանգամանքների բերումով ցիր ու ցան ենք եղած, և Հայաստանը իր հարազատ զավակներին կանչում է, եկեք միասին ապրենք»,- հիշում է վկան` թեև չի կարողանում մոռանալ նաև սովը, որի պառճառով Հայաստան ժամանելուց երեք օր հետո ստիպված է եղել վաճառել իր ձեռքի ժամացույցը, որովհետև ապրելու պայմանները  ծանր էին: 


Հաստատվելով Էջմիածնում` Մովսեսը մյուս հայրենադարձների պես սկսել է աշխատել «սովխոզում», զբաղվել գյուղատնտեսությամբ, ամուսնացել, ունեցել չորս երեխա: Տարիներ անց, հետադարձ հայացք նետելով անցյալին, խոստովանում է, որ չէր ցանկանա նորից տեսնել Մուսա լեռը, քանի որ տեսնելու դեպքում «սիրտը կմրմռար»: «Չեմ ուզում տեսնել, բոլոր տները գիտեմ, բոլոր փողոցները գիտեմ, հստակ հիշում եմ ամեն ինչ: Թուրքիան չենթարկվող պետություն է և ժխտողական քաղաքականություն է որդեգրել: Ես ցանկանում եմ, որ ցեղասպանությունը ճանաչվի, և մեր հողերը վերադարձնեն մեզ, հատուցեն մեր կրած վնասը: Մեկ ու կես միլիոն մարդ կոտորեցին, սպանեցին,  նրանց ունեցվածքը ձեռքներից վերցրին, թալանեցին, իսկ մնացած հայերին էլ աշխարհով մեկ ցիրուցան արեցին, ինչ կարող եմ ասել…»,- խոր վշտով շեշտում է ականատեսը:

Դերմիշյանների ընտանիքում այլ երկարակյացներ էլ կային: Օրինակ` Մովսեսի մայրը, ով մահացել է 98 տարեկան հասակում:

Մովսես պապը հաջորդ սերունդներին է փոխանցել իր պատգամը` հորդորելով սիրել ոչ միայն  հայրենիքը, այլև միմյանց, քանի որ նրա կյանքի փորձը ցույց է տվել, որ հայրենիքի հանդեպ սերը ոչինչ է առանց միմյանց սիրելու և օգտակար լինելու:

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը

Լուսանկարները`  Արևիկ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am