Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում օրեցօր ուժեղանում է քաղաքացիական հասարակությունը. Տիգրան Սարգսյան

Հայաստանում օրեցօր ուժեղանում է քաղաքացիական հասարակությունը. Տիգրան 
Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման խթան է համարում: Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետն իր ուրախությունը հայտնեց, որ այս օրերի ընթացքում կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի թեմայով բուռն քննարկումներ են ընթանում, որի ընթացքում քաղաքացիները ոչ միայն իրենց դժգոհությունն են հայտնում համակարգից, այլ նաև բազմաթիվ հարցեր են ուղղում կառավարությանը: «Երեկ ես հանդիպեցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող երիտասարդների, որոնք բավականին ակտիվ քննադատում էին այս հայեցակարգը: Բանավեճի ընթացքում մենք  հասկացանք, թե ինչ հարցեր են հուզում մեր քաղաքացիներին և տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Վարչապետը նշեց, որ իր համար չափազանց ուրախալի է այն հանգամանքը, որ Հայաստանում օրեցօր ուժեղանում է քաղաքացիական հասարակությունը:  «Ցանկանում եմ ասել, որ այս ռեֆորմը ընդամենը 4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը, որովհետև մենք պատասխանատու քաղաքացու համար ստեղծում ենք միջավայր»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ համակարգի ներդրումից հետո 275 հազար քաղաքացիներ ինքնուրույն պետք է որոշեն, թե կուտակային որ սխեմային են ուզում մասնակցել, նրանք ամեն ամիս վերահսկելու են ՀՀ կառավարությանը, որովհետև վերջինս ամեն ամիս պարտավոր է կրկնապատկել նրանց խնայողությունները, նրանք ամեն օր վերահսկելու են օպերատորին, որը վերահսկելու է կենսաթոշակային հիմնադրամը, վերահսկելու են տոկոսադրույքները` արդյո՞ք արդյունավետ են կառավարվում իրենց միջոցները:

Վարչապետը նշեց, որ համակարգի ներդրմամբ՝ ձևավորվելու է որակապես նոր միջավայր, նոր քաղաքացի, ով պատասխանատու է լինելու իր որոշումների համար, իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը ավելի ու ավելի է ուժեղանալու այս տարիների ընթացքում:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Կառավարությունը նույնպես պետք է սովորի աշխատել այս միջավայրում, որովհետև քաղաքացիական հասարակություն առաջին հերթին նշանակում է անվստահություն այն գործիքների նկատմամբ, որոնք պարտադրում են քաղաքացուն այս կամ այն գործողությունը: Նրա խոսքով՝ ընդհանրապես պարտադրանքի ինստիտուտի նկատմամբ պետք է լինի շատ զգուշավոր մոտեցում և լուրջ վերահսկողություն՝ ուրախություն հայտնելով այն բանի համար, որ այդ միջավայրն այսօր Հայաստանում կա և դա է այն երաշխիքը, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային  համակարգը լինելու է արդյունավետ և ծառայելու է ժողովրդի շահերին:

Կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչն ուժի մեջ կմտնի 2014թ.-ի հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am